top of page
Search
Writer's picturefrunz8

#Աստղային_հորիզոն «Մատիտներից արյուն է գալիս», Հեղինակ՝ Թեգլե

Updated: Nov 9




1.

 

Երազին անվերջ գալիս էր դպրոցը։ Տեսնում էր իրեն անկողնում պառկած մտածելիս՝ բաց թողնի Խոկումը, մի քիչ էլ քնի ու ավելի առույգ գնա Ապրումակցմանը, թե ստիպի իրեն արագ հագնվել ու տանից դուրս գալ։ Մեկ այլ երազում նստած էր Օրագրման դասին ու ինքնամփոփ գրելու փոխարեն հետևում էր դասընկերների՝ երկարուկ գործիքները բռնելու ու սպիտակ ռետրոքառակուսիներով շարժելու տանջանքներին։

 

Վեր թռավ մտքով, որ ուշանում է դպրոցից, սկսում էր հանգստացնել արագ խփող սիրտը մինչև տեսնում էր կողքը պառկած խռմփացնող ամուսնուն, ու հիշում, որ արդեն վաղուց ավարտել է դպրոցն էլ, թերապիան էլ, ուղղվածությունն էլ ու աշխատող մեծահասակի կայուն փուլում է։ Քայլեց դեպի զբաղասեղանը, որի վրա թափանցող սպիտակ ուղղանկյուն անմարմին տարածությանը՝ Էքոյին, հարցրեց իր այսօրվա երազի մեկնությունը։ Նորից ստացավ առաջարկություն, որ վերաուղղվածության գնա։

 

- Սա՞ն, - լսվեց ննջասենյակից զարթնած ամուսնու ձայնը։

- Ջան։ Ո՞նց քնեցիր, - Սանգինան, Էքոն թողնելով, մոտեցավ անկողնուն։

- Էլի կքնեի, - դեմքը տրորեց Հովսեփը, - բայց պիտի դուրս գնամ։ Վերաթերապիայիս օրն ա։

- Ո՞նց ես զգում։

- Նորմալ։ Կխոսեմ, կգամ ու կնստեմ զբաղմունքի, «Ստելլայի» փրոմթերը հավաքվել են, տարվա վերջին բան չմնաց։ Դու ի՞նչ ունես էսօր։

- Սովորական, «Հարբանյակով»։ Ոչ մի արտասովոր բան, - տխուր ժպտաց Սանգինան։

 

Հովսեփին ճանապարհելուց հետո Սանգինան նստեց զբաղասեղանի առջև ու սկսեց դիտարկել «Հարբանյակի» գիշերվա աշխատանքը։ Արհեստականները մեկ գիշերվա ընթացքում 1877 փակած գինի էին արտադրել։ Սանգինան անցավ հարյուրակների վրայով և խնդիր չնկատելով՝ ուղարկեց ճանապարհվելու պատվիրված հասցեներով։

 

Արհեստականների վերահսկումը հեշտ, բայց ժամանակատար ու ձանձրալի զբաղմունք էր։ Տարեվարձը երեք կանաչ փրոմթ էր, ինչը բավականացնում էր երկուհոգանոց ընտանիքի կարիքները։ Նախորդ տարի ամուսինը փրոմթել էր իրենց բնակարանում ապրելու երկարացում, Սանգինայի փրոմթերն էլ ծախսել էին ամենօրյա կարիքների համար։

 

«Ըխք», արհեստականների ընթացքին հետևելով՝ հոգոց հանեց Սանգինան և որոշեց մտքերից թաքնվել իր սիրած ամրոցում՝ նոր պատումում։ Էքոյին առաջադրեց պատում ստեղծել «Օրորոցում ապրող կնոջ մասին, որն ունի լավ ամուսին ու լավ աշխատանք, բայց իրեն իր ափսեում չի զգում» թեմայով։ Կնոջ մեղմ ռոբոտային ձայնը սկսեց Սանգինայի ուղեղում շարադրել պատմությունը․ «Լեզվով ճնճղուկ բռնողը»։ Գլուխ Առաջին։ Երբ զբաղմունքի ժամն ավարտվում էր, Ափին իր մագիլները ցույց էր տալիս։ Անջատում էր Էքոն, բացում գինու գլանը, մի քանի կում անում ու նստում խոկման․․․»։ Սանգինան գոհունակ տմբտմբացրեց գլուխը ու դուրս եկավ տանից։

 

2.

 

- Վերջերս ձախ աչքս ․․ անընդմեջ թարթում է, քունս էլ ․․ նվաղել է, - սովորականից դանդաղ արտաբերում էր բառերը՝ նստած հոգեթերապևտի դիմաց։ Կմկմալու պատճառը հոգեբանական չէր, այլ տեխնիկական՝ վաղուց իր շրջանակից դուրս ոչ մեկի հետ չէր խոսել, արտաքին լեզուն կարծրացել էր։

- Ի՞նչն է առիթ դարձել ձեր անհանդարտությունների։ Կպատմե՞ք՝ ինչ եք զգում, - շիկահեր երիտասարդ կինը նայում էր այցելուին հարցաքննող ժպիտով։

- Նեղվածությունս գլխավորապես զգացնել է տալիս իրեն գիշերը։ Մինչև քունը համակում է ինձ, մոտ երեք ժամ պտտվում եմ անկողնում։ Շնչառության վարժություններ եմ անում, բայց հակընթաց դրանց՝ տագնապս զարգանում է․․․ - խորը շունչ քաշեց, տրորեց դեմքը մի ձեռքով ու լռեց։ Հասկացավ, որ չի կարող շարունակել դրսի լեզվով բացատրել իրավիճակը․ կամ պետք է բառեր ընտրելու վրա կենտրոնանա, կամ իր զգացումների նկարագրության։ - Որ դպրոցի սովորածով եմ ինձ հարց տալիս, ջոկում եմ, որ ինչ-որ բան էն չի, ինչ-որ բան պակաս ա։ Զգում եմ, որ բան պիտի փոխեմ կյանքումս․․․ Բայց չգիտեմ՝ էդ ինչն եմ ուզում փոխել։ Վանդակի զգացում ա։

 

Շիկահեր կինը ձեռքի ափը բացած դրեց իր վզից ներքև հատվածում․

- Շատ ըմբռնելի ու ապրումակցելու արժանի զգացումներ ունեք։ Ձեզ մոտ բնական հարցեր են առաջացել, թե արդյոք ձեր կյանքը կարող եք այն բարեփոխել, - թերապևտը բարձրացրեց ձայնը, - Ամենօրյա գործունեության փոփոխությունը կարող է օգնել կրկին լավ զգալ։ Դուք պատկերացում ունե՞ք, թե ինչը կարող է ձեզ պակասել։

 

Թերապևտի հարցին ի պատասխան գլուխը կախեց ու մատներով տրորեց դունչը։ Եթե թերապևտը իր լեզվից չի նեղսրտել, կարելի է փորձել նորից վստահել․․․ Երեսը բարձրացրեց, ձախ ձեռքի վրա հենեց գլուխը, իսկ աջ ձեռքով ցույց տվեց վաղուց հնացած ու անիմաստացած շարժում։

 

Թերապևտը հասկացավ շարժումը ու խորը շունչ քաշեց․

- Եկեք ձեզ նշանակեմ, որ մեկ շաբաթ ամեն օր մեկական ժամ դրանով զբաղվեք ու բուժման կուրսն անցնելուց հետո նորից գաք այցի։ Չչարաշահեք, ավելի երկար ու հաճախ չանեք։ Այդ զբաղմունքի ավելցուկը կարող է վնասել։


3.

 

Դրսում տաք էր, կանաչ ու հունիս։ Սանգինան քայլում էր Նոր Երևանով՝ ընկղմված «Լեզվով ճնճղուկ բռնողը» պատմության մեջ։

 

Նոր Երևանը Օրորոցային Հանրապետության ամենաշենքաշատ քաղաքներից մեկն էր։ Չնայած դրան՝ փողոցում մարդիկ հատուկենտ էին հանդիպում։ Օրորոցում տանից անմիտ դուրս գալը չէր խրախուսվում․ հոգեգետները դեռ տասնամյակներ առաջ հայտնաբերել էին, որ բոլոր հանցագործությունները, վթարները, տհաճ դեպքերը մարդկանց հետ կատարվել են այն պատճառով, որ նրանք տանից դուրս են եկել։ Օրորոցի դեռ առաջին կառավարությունը որոշել էր, որ բոլոր բնակիչներն աշխատելու են տանից՝ բացառությամբ մի քանի մասնագիտություն ունեցողներից։ Դպրոցները, թերապիայի և ուղղվածության կենտրոնները միակ գրասենյակներ ունեցող կազմակերպություններն էին․ «Միավորյալ Օրորոց» կուսակցության կառավարության ընդունած օրենքով մարդու զգացումների հետ զբաղվող անհատական աշխատանքի երեք ուղղությունները պետք է արվեին բացառապես այլ մարդկանց կողմից։ Օրորոցի բնակիչները տանից կարող էին դուրս գալ նաև զբոսանքի համար․ բուժգիտնականները եզրակացրել էին, որ ամեն հինգերորդ օրը տանից մեկ ժամով դուրս գալու զբոսանքը բավարար է լավ ինքնազգացողության համար։

 

Սանգինան քայլում էր՝ շրջակայքին դիտելով հետաքրքրված, բայց անթարմ ու թանձրացած հայացքով։ Երբ տանը նստած կարող ես աշխարհի օվկիանոսները, լեռները ու ռետրոզվարճալիքները փորձառել, իրար կողք շարված շենքերից շուտ ես հոգնում։ «Եթե ամեն օր ստիպված լինեի տանից դուրս գալ ու տեսնել նույն շրջակայքը, շատ ավելի ձանձրալի կլիներ ամեն ինչ», մտածեց իրեն սփոփելու համար։

 

Սանգինայի քայլերը բերեցին դեպի նոր ճեմուղի, որտեղ տեղամասային ուղղվածության շենքն էր։ «Մենք ենք ուղին» ասում էր շենքի լուսարձակը՝ երբեմն փոխվելով «Արի ժամանակին, արի գերիվեր» գրվածքով։ Ուղղվածության շենքի աջ դռան մոտ տասնյակ մարդիկ էին կանգնած։ «Նորակոչիկները», - հասկացավ Սանգինան, ու ձախ ուսն ինքնըստինքյան կտրուկ հետ ձգվեց անհասկանալի տհաճության զգացումից։ Խմբված մարդկանց մեջ էին նաև նորակոչիկներին ուղեկցող ծնողները։ Սանգինային ամենամոտը երկու կանայք էին կանգնած։

- Ձեզ է՞լ են Էքոյով կանչել, բերել, - կանանցից մեկն անհանգիստ ձայնում էր մյուսին, - մենք ուզում էինք հետ գցել, մեր փրոմթերով ձգում էինք, էն էլ՝ տղուս մի շաբաթ առաջ կանչեցին։

- Չէ, կամավոր ենք եկել, - ասաց մյուս կինը, - աղջիկս բուժգիտությամբ ա տարված հոր նման։ Գենետիկայի ու եվգենիկայի դետոքսով ա հետաքրքրված։ Մարդ սրսռում ա, որ մտածում ա, որ ընդամենը մի հիսուն տարի առաջ մարդկանց կտրում էին, մտնում մեջները, որ հիվանդությունները հանեին։ Ի՞նչ իմանաս գենետիկ ինչ խնդիրներ են մեզ հասել իրանց հիմարության պատճառով։

- Ահավոր ժամանակներ էին, առանց հոգեսոմատիկա հասկանալու բռնում կտրում-թափում էին, - տմբտմբացրեց տղայի մայրը, - բռնեիր դատեիր բոլոր էդ բժիշկներին։

 

Սանգինան հայացքը թեքեց դեպի ուղղվածության շենքի ձախ դուռը։ Այդտեղ արդեն վերաուղղիչի գրասենյակն էր։ Ի տարբերություն ուղղիչի՝ մարդկանց խմբվածություն չկար։ Մոտեցավ դռանը ու լուսարձակին կարդաց․ «Վերուղղիչին խնդրարկելու պայմանները․

- Ձեր ուղղվածության զբաղմունքից անցել է առսակավն մեկ տարի,

- Առավել կամ պակաս զբաղմունքի կարիք ունեք,

- Դուք ձեզ ապերջանիկ եք զգում։

Գրանցվեք Էքոյով, մոտեցեք նշված օրը»։

 

Սանգինան քայլեց դեպի տուն՝ ընթացքում Էքոյին առաջադրելով նոր պատմություններ։ Փոխեց պատումի սցենարը, հետո էլի փոխեց, հետո էլի փոխեց․․․ Մի քանիսը կիսատ-պռատ լսելուց հետո Սանգինայի մոտ թթվածնահագեցումից գլխացավ սկսվեց։ Արագացրեց քայլերը դեպի տուն։

 

4.

 

Հովսեփն Էքոյի դիմացից կտրվեց ու զարմացած նայեց դռնից ներս մտած կնոջը․

- Զբոսանքիդ օ՞րն էր։

- Հա, - ստեց Սանգինան ու կոշիկները հանեց, - ո՞նց ես, ի՞նչ ասեց թերապևտը։

- Մի շաբաթվա բուժում նշանակեց, - Հովսեփը գրկեց մոտեցած կնոջը, - ասեց՝ օրական երկու ժամ նկարեմ։

Սանգինան զարմացած նայեց ամուսնուն․

- Մոտդ հիպերգրաֆիա՞ են գտել։

- Ոնց որ, - կնոջ արտաբերած ախտորոշման անվանումից Հովսեփը լարվեց ու թուլացրեց գիրկը, - բուժումից հետո հաստատ կասի։ Շատ անիմաստ բան ա նկարելը, - ասում էր ու ուշադիր նայում կնոջը, - ոնց որ բուժգիտի դիմես ու ասի, որ ատամներդ պետք ա տասը անգամ լվանաս երկուսի փոխարեն։ Ինձ էդ պրոցեսը հետաքրքիր չի լինելու, անիմաստ ժամանակ ա տանելու։ Բայց թերապևտն ասում ա՝ շաբաթվա վերջում նեղված վիճակս կանցնի։ Կբուժվի, կանցնի-կգնա։

- Հա, կանցնի-կգնա։ Հիպերգրաֆիան տենց ա, կարդացել եմ․․․ - քթի տակ ասաց Սանգինան։ Հովսեփի հայացքն ավելի մտահոգ դարձավ։


5.

 

Կանգնած էր վերաուղղիչի դիմաց ու չէր կարողանում իրեն ստիպել առաջ գնալ։ Վախը կալանավորել էր մարմինը, ուղեղը հրաժարվում էր գնալ ներս։ Երեկ ամուսնու հետ պայմանավորվեցին, որ ինքն էլ վերաթերապիայի կգրանցվի, բայց վերջին պահին գրանցվեց վերաուղղվածության։ Հովսեփին չասաց․ հազիվ էր հավաքել ինքնավստահությունը, մտադրելիքը բարձրաձայնելուց փուչիկը կարող էր պայթել։

 

Սանգինան լայն բացեց բերանը, դեպի կոկորդ օդ ներս հրեց, ուռացրեց թշերը ու շունչը պահեց։ «Մտնել, դուրս գալ, գնալ տուն։ Ինչ էլ լինի՝ տուն եմ հասնելու», հանդարտեցնում էր իրեն։

 

Վերաուղղիչի դահլիճում վայրկյանական պարզ էր՝ որն է իր տեղը․ առանձին աթոռը երկար սեղանի առջև։ Սանգինայի՝ տեղավորվելուց հետո դահլիճ մտան խորհրդի երեք անդամները՝ մեկ կին, երկու տղամարդ, երեքն էլ 40-ն անց։

- «Հարբանյակ» փակ գինու գործարանի Արհեստական արհեստավորների վերահսկիչ պետ, - ձեռքի Էքոյով կարդաց Սանգինայի զբաղմունքը ճաղատ տղամարդը, - «Հարբանյակում» տասը տարի եք աշխատում, երկու անգամ ձեր փրոմթերը գունավելացել են, մի անգամ ունեք գունազրկում և մի տարի հոգևոր հանգստության դեկրետ։ Ո՞րն է ձեր հայցը վերաուղղիչին, ի՞նչ հովերով եք տարված։- Ինձ չի ուրախացնում աշխատանքս։

Մյուս՝ թխամաշկ տղամարդը հետաքրքրված զննեց Սանգինային։

- Ունե՞ք պատկերացում, թե որտեղ կուզենաք փոխադրվել, - հարցրեց Սանգինային կինը։

- Ըըը․․․, - կմկմաց Սանգինան։

- Սա ապահով տարածք է, կարող եք խոսել, որ կյանքի կոչենք ձեր լավ լինելը, - ասաց կինը փափուկ ժպիտով։

- Ես մոտավոր գիտեմ․․․ - աչքերը բարձրացրեց Սանգինան, - ես ուզում եմ գրել։

- Ի՞նչ գրել։ Փրոմթե՞ր, - հարցրեց կինն ու նայեց Էքոյին, - տեսնում եմ՝ ձեր ամուսինն էլ է նույն գործին։ Կարող ենք փոխադրել ձեզ նույն ձեր ընկերությունում փրոմթեր գրելու։ Կամ էլ․․․

- Սպասիր, - թխամաշկ տղամարդը կտրեց գործընկերուհու խոսքը ու նայեց Սանգինային, - ի՞նչ գրելու մասին եք խոսում։

- Պատումներ, պատմություններ։

 

Խորհրդի անդամներից մեկը շունչ փչեց, մյուսը օրորեց գլուխը, իսկ թխամաշկ տղամարդը պայծառացավ․

- Գիտե՞ք, որ անտիկ տարիներին մարդիկ ստիպված անգիր էին անում մեծ տեքստեր, քանի որ չկար այդ ժամանակվա մագաղաթները թերթելու հնարավորություն։ Երբ էջերը ստեղծեցին, մարդիկ բողոքում էին, որ դա հիմարացնում է մարդկանց, իրական տեքստը պետք է անգիր անել, ոչ թե հատ-հատ թերթել։

Սանգինան նայեց թխամաշկ տղամարդուն կորած հայացքով։- Հետո, - շարունակեց ոգեշունչ մենախոսությունը տղամարդը, - դրանից դարեր անց տարբեր մարդիկ գրում էին, որ փախնեին իրականությունից։ Նկարագրում էին բաներ, որ չկային, դեռ հնարավոր չէին։ Խեղճ կնոջը գցում էին գնացքի տակ, որովհետև դեռ ամուսնական բաժանման մեխանիզմ չէր ստեղծվել։ Գրող մարդիկ չէին գնում հոգեթերապիայի ու գրելով ինչ-որ կերպ բուժում էին իրենց։ Ինչո՞ւ ձեզ զբաղվել ինքնաբուժմամբ։ Ինչո՞ւ տեղափոխվել մեքենայով, կամ աստված սիրես, ձիով, եթե կարող ես մտքով տեղափոխվել։

- Իսկ գուցե ինձ դուր է գալիս հենց քայլելու պրոցեսը։ Չէ՞ որ քայլում ենք ամեն հինգերորդ օրը, - ձայնեց Սանգինան։

- Կարող եք նույն ձև ամեն հինգերորդ օրը ձեզ համար գրել, - հոգնած խոսեց կինը, - բայց դա զբաղմունք չէ, փրոմթ չեք ստանալու։ Կարող եք նույն կերպ ժամերով քորել ձեր գլուխը, դրանից ոչ ձեզ, ոչ էլ ինչ-որ մեկին օգուտ չի լինի։

Տղամարդը ուշադիր նայեց Սանգինային․

- Ձեր ամուսնու հետ հարաբերությունները սիրով լի՞ են։

- Հա, - իրեն մի կերպ հավաքեց Սանգինան, - մենք հոգընկերներ ենք։

- Հրաշալի, - ժպտաց թխամաշկը, - կարիք չունեք ձեր ներսի սերը տալ դրսին․ այն ձեզնից վերցնող կա։ Ինչո՞ւ չանել դա, ինչո՞ւ գնալ խաչուփաչ ճանապարհներով։

 

Թեև տղամարդը նայում էր ուղիղ Սանգինայի աչքերին, նրան թվում էր, որ անտեսանելի է։ Մինչև մարտի սկսվելն արդեն պարտված էր զգում․- Ես ուզում եմ գրել Հայոց ցեղասպանության դեպքերի շուրջ։

- Դուք կարող եք ցանկացած պահի Էքոյով նշել ցանկացած տարեթիվ և դիտել, թե ինչ է եղել իրականում, ինչի՞ համար, - չհասկացավ կինը։

- Իսկ եթե մերը նկատի չունեմ, այլ ուզում եմ նկարագրել ինչ-որ այլընտրանքային ցեղասպանություն։

- Ինչո՞ւ եք ուզում ցավ ներարկել, - ապշեց կինը։

- Ես ցավը հաղթահարողներ մարդկանց մասին եմ ուզում գրել․․․

- Դարձեք լրագրող, - զրույցի մեջ խառնվեց ճաղատ տղամարդը, - բազմաթիվ այսօրեական ցավեր կան, որ մարդիկ հաղթահարում են։ Բուժգետները փորձարկում են բջիջների չմեռնելու հնարավորությունները, թերապևտներ կան, որ պայքարում են հեռավար աշխատանքի համար․․․ Ձեր գրելու ցանկությունները օգտակար կլինեին այդ ամենը վերլուծելիս։

- Իսկ եթե ես ուզում եմ հորինել ու գրել, ասենք, ինչ-որ կատվամարդի մասին, - շպրտեց Սանգինան։

- Գիտնականները աշխատում են դրա գաղափարի շուրջ ու շուտով կստեղծեն, - առանց կաթիլ հեգնանքի ասաց ճաղատը, - երբ ստեղծեն, Էքոյով հետևեք ու նկարագրեք, խնդրեմ։

 

- Իսկ ինչ, եթե գրելու թեման չէ էական, այլ երաժշտությունը, որ կառուցվում է նախադասություններ կազմելիս, այդ բառերի ընտրության, դասավորման, արդուկելու ու կողք-կողքի շարելու ընթացքը։

Թխամաշկ տղամարդը ժպտաց․

- Հա, էլի ռետրո ժամանակներ։ Գեղեցիկ ֆրազներ էին շարում, որ տարբերվեին ուրիշներից, որ խաղային լեզվի հետ։ Ինչո՞ւ ունենալ առանձին պոեզիա, երբ բոլորը արդեն գեղեցիկ են խոսում։ Այդպես չե՞ք կարծում։

 

Մինչ Սանգինան կհավաքեր մտքերը, ճաղատ տղամարդը կտրուկ նայեց նրան․

- Եթե ձեզ պետք է փախուստ մեր իրականությունից, եթե ձեզ չի բավարարում այն, որ րոպեական կարող եք ստանալ ձեր ցանկացածը, երբ ընդամենը մեկ առաջադրույթով կարող եք լուծել գրեթե ամեն հիվանդություն, երբ մահը փափուկ է, քան երբևէ, երբ մարդիկ չեն կոպտում իրար, երբ չեն սպանում, ուրեմն դուք հավանաբար հիվանդ եք։

 

- Կներեք, մենք չենք տեսնում այստեղ վերաուղղվածության աշխատանք, - կինը դիմեց Սանգինային, - առաջարկում եմ՝ գնաք վերաթերապիայի։ Շնորհակալ ենք գալու համար։

 

Սանգինան դուրս եկավ վերաուղղիչից՝ ձեռքը կրծքավանդակին սեղմած։ «Իրականությունը չի հերիքում՝ հիվանդ ես», կրկնեց մտքում ճաղատ տղամարդու ասածները ու միացրեց ձեռքի Էքոն։

 

6.

 

- Անցած անգամից կարճ տևեց գոնե,- ասաց Հովսեփը Րաֆֆիին։

- Էլի նույն ձևով էր, հա՞, - մտահոգ ձայնով հարցրեց ընկերը։

- Հա։ Ուղղակի մի քիչ ավելի կտրուկ տեմպերով էր։ Էլի ֆիքսվել էր․․․ Զանգիցդ առաջ թերապիայից էին դիմել, մղամաքրման թույլտվության համար։ Ստորագրեցի։ Տուն կգա արդեն էս սաղ մոռացած, առողջացած․․․ Չգիտեմ՝ քանի անգամ կարելի ա նույն բանը անել։ Ասում են՝ ուրիշ ձև չկա, գիտությունը վերջնական լուծում դեռ չի ստեղծել։

- Դե ասա էդ աղջկա գլխի մեջ որտեղից էդ ճիճուները։ Հանգիստ ապրի էլի քո համար։

- Հա, իրոք․․․

Հովսեփն անջատեց զրույցը ու նայեց զբաղասեղանի աջ կողմում դրված իր էսքիզներին, որոնցում նկարել էր իր սևահեր թերապևտին, Սանգինային ու երբեք չտեսած Մալդիվները։

- Հանգիստ ապրի էլի քո համար։ Հանգիստ ապրի․․․

Հիշեց, որ մեկ շաբաթ անց իր բուժումից հետո պիտի գնար թերապիայի ու թերապևտին պատմի՝ ոնց է։ Մի օր էր մնացել։

79 views0 comments

Comments


bottom of page