Նվիրվում է բոլոր նողկալի կարապներին
Շորժայի եռագլուխ հրվանդանիկից դեպ Արտանիշի հրվանդանը՝ Մեծ Սևանի ափեզրին մոտիկ, սարի միջով քարքարոտ ճամփա կա, ապառաժների սուր ծայրերը՝ ցից, բայց Սիմոնի ջիփն այդտեղով կարող է անցնել, ու գնացի՜ն մինչև… Մետաղյա այծը լավ երևում էր Եռաժայռի գագաթներից մեկին:
-Վախտին էս սաղ ջրի տակ էր,- ասաց Սիմոնը,- Սևանի հատակով ենք գնում: Պապս ասում էր՝ էս երեք ժայռը ջրից ցցված կղզյակներ էին, ինքը իրա հոր հետ գալիս նավակով ստե իշխան էին բռնում բլեսնայի վրա: Էնքան լեգենդ կա սրա հետ կապված… Վա՛յ արա, է՛ս ինչ էր:
Ճանապարհը կտրուկ արգելափակված էր. մետաղյա ցանկապատ, անտառապատ ափից մի խոշոր կտոր՝ բանտարկված, դարպասի մոտ՝ անծանոթ համազգեստով զինվորներ, դարպասի գլխին՝ դրոշների խուրձ. հայկական, ամերիկյան, ԵՄ, ֆրանսիական, ռուսական… Դարպասից զինվոր առաջացավ:
-Էլի ափը բանտարկել են:
-Է՞ս ինչ ա: ԵՄ դիտորդնե՞ր:
-Դաչա են սարքում մեկնումեկին:
-Կայազոր կըլնի:
-Դրոշները տես:
-Ձկնաբուծարան ա միջազգային:
-Էլի հանք են փորում:
-Էս ինչ հաշիվ ա՞,- հարցրեց Սիմոնը զինվորիկին:
-Այստեղ գալն արգելված է:
-Բայց նշան չկար:
-Արգելված է,- ասաց զինվորիկը, նյարդայնանալով,- իսկույն հեռացեք:
Սիմոնը մի քիչ առաջ եկավ, որ գոնե մի քիչ լայն տեղում շրջադարձ անի, զինվորիկը ձեռքը տարավ զենքին:
-Չֆռա՞մ,- ասաց Սիմոնը, բարկանալով:
Զինվորիկը հազիվ զսպված անհամբերությամբ դիտեց, ինչպես է Սիմոնը վարպետ շրջադարձ կատարում նեղ ճամփին:
-Տեսա՞ք,- ասաց Արմենը, երբ հետ էին գնում,- դարպասի էն կողմից էլ զորքի չափ մարդ էր նայում:
-Կա-չկա բերդ են դրել Սևանի ափին:
-Միջազգային Գուանտանամո:
-Իրանց ձեռը չի՞: Ինչ ուզեն կանեն:
Տղերքը մի քանի օրով նկարիչների հանգստյան տուն էին եկել, գժվող աշխարհից մի քիչ հեռու փախել, ու տխուր էր, որ ափամերձ ճամփան դեպ Արտանիշ փակված է, չնայած հիմնական մայրուղին նորմալ աշխատում էր դեռ: Հանգստյան տան տարածք եկան, հարցուփորձ արին, մարդիկ տարբեր բաներ էին ասում, ոչ ոք ստույգ չգիտեր, ինչ ձեռնարկ է: Մյուս օրը գյուղից հանգստյան տուն տանող անասֆալտ նեղ ավազոտ արահետով տուրիստական հինգ ավտոբուս եկավ, ճամփեզրի մասրենիները կոտրտելով, մեջը լիքը երիտասարդ, ավտոբուսները կանգ առան հանգստյան տան դարպասի մոտ, ոչ ներս կարող էին մտնել, ոչ էլ գնալ սարի ճամփով: Միջից դուրս եկավ 150-ի չափ կայտառ, պինդ տղա, մեծ մասը՝ մորուքավոր, ու մի քանի աղջիկ, հանգստյան տուն չմտան. քայլեցին սարի ճամփով վեր:
Նորիկն էդ պահին սարի վրա էր, մտահոգ, գլուխը պարզաջրելու նպատակով մենակով գնացել էր զբոսնելու, վերևից տեսավ, ինչպես երիտասարդների հոծ բանակը ուրախ-զվարթ մոտեցավ միջազգային օբյեկտի դարպասին, դարպասը բացվեց, իրենց ներս թողեցին: «Էսքան տղա իրար գլխի վաղուց չէի տեսել», մտածեց, «երկրում դեռ էսքան տղա ա՞ մնացել»:
-Երիտասարդական ճամբար ա,- ասաց Նորիկը, երբ վերադարձավ հանգստյան տան տարածք:- Այթիշնիկներ կլինեն: Թիմ բիլդինգ ա, երևի:
-Բա ռազմական պահակությու՞նն ինչի համար ա:
-Ով գիտի, դրոն են սարքում գուցե:
-Էդ ինչ ա որ,- ասաց հանգստյան տան պահակը,- արդեն մի երեսուն ավտոբուս ըտենց էկել ա, թե ոնց են տեղավորվում էն մի թիքյա տեղը՝ իրանք գիդեն:
Հաջորդ օրը, կրկին սարում մենակ զբոսնելուց հետո երբ Նորիկը հետ էր գալիս, աչքն ընկավ հանգստյան տան անշնորհք աղբահորին. մեջն ինչ-որ բան էր շարժվում: Մոտեցավ, տեսնի՝ աղբի մեջ լողում էր նիհար, լոլոզ, սփրթնած տղա, փորձում դուրս մագլցել: Զզվելով, Նորիկը տղային մեկնեց հաստ ճյուղի ծայրը. տղան բռնվեց, աղբահորից դուրս սողաց:
-Ի՞նչ ա էղել:
-Բարև ձեզ,- ասաց տղան:- Ֆրանտիշեկ:
-Նորիկ,- ասաց Նորիկը:- Ի՞նչ հաշիվ ա:
-Ես տեղ չունեմ գնալու,- ասաց տղան:
-Դու չե՞խ ես:
Ֆրանտիշեկը մտածեց:
-Ե՞ս: Հա: Չեխ: Շա՜տ չեխ:
Հայերեն խոսում էր արտասահմանցու պես:
-Արի,- ասաց Նորիկը և տարավ նրան ափով մի քիչ հեռու: Մեծ ու Փոքր Սևանի միացման ամայի տեղում առաջարկեց լողանալ, էդտեղ լողալը մարդուն հատուկ էր ամրապնդում, Ֆրանտիշեկը հանվեց, կեղտոտ շորերը կոլոլեց, մտավ ջուրը, Նորիկը գնաց հանգստյան տուն, իր ունեցածից մի երկու բան բերեց, Ֆրանտիշեկն ափ դուրս եկավ, հագավ: Ճիշտ տեղում լողալուց հետո թարմացած տեսք ուներ, չնայած մեկ է՝ բնույթով ճլորված էր:
Հասկանալի էր, որ Ֆրանտիշեկը միջազգային օբյեկտից է, բայց չէր ասում, ինչու է դուրս մնացել, ինչպես էր աղբահորն ընկել, Նորիկն էլ չէր զոռում: Տղերքին որ պատմեց՝ ասացին պետք է դիմել տնօրինությանը, էդ աղբահորը մաքրեն, խայտառակ է, Սիմոնն ասաց՝ տնօրինությունը կասի՝ իր գործը չէ, դիմեք գյուղապետարանին, Արմենն էլ ասաց՝ գյուղապետարանն էլ կասի՝ սա մեր տարածքից դուրս է, դիմեք Սևանի արգելոցի ղեկավարությանը: Գիշերը խարույկի շուրջ քննարկում էին, թե էս երկրի վերջն ինչ է լինելու, աշխարհի վերջն ինչ է լինելու, ծայրեիծայր՝ պատերազմ, սուտ, կատաստրոֆ, ճգնաժամ, հենվելու բան՝ զիլչ: «Հես ա թուրքերն էլ գան՝ ու ֆսյո: Սաղ հարցերն ըտենց կլուծվեն», փիլիսոփայորեն՝ ասում էր Արմենը:
Ֆրանտիշեկը լռում էր, ձեռքի թեթև ճյուղով ավազի մեջ բաներ փորագրում:
Հաջորդ օրը վերադարձան շոգ, կատաստրոֆիկ քաղաք, Ֆրանտիշեկն էլ խնդրեց, որ իրեն հետները տանեն, քաղաքում, իհարկե, ապրելու տեղ չուներ, Սիմոնը երկու սենյականոց բնակարանի մեջ սենյակ էր վարձում, մյուս սենյակ վարձողն արձակուրդին գնացել էր, Ֆրանտիշեկը մնաց էդ սենյակում:
Դիանան եկավ, ուտելիք բերեց, Ֆրանտիշեկին ծանոթացավ, Նորիկը նրան Շորժայի անթառամ փուշ նվիրեց. Դիանան խնդրել էր, որ բերեն: Նորիկը հասկացավ, որ Դիանան պատրաստվում է ամեն օր գալ Սիմոնենց բնակարան, որ Ֆրանտիշեկին կերակրի, ուրեմն ինքն էլ, որքան կարողանում էր, գալիս էր, աշխատանքային ժամերի պատճառով ուշ էր հասնում, Դիանան՝ շուտ, Սիմոնն էլ դեռ եկած չէր լինում, ու Դիանան մեծ մասամբ գնալիս էր լինում, երբ Նորիկը գալիս էր: Շաբաթ օրն էլ Վահանի ծնողների մոտ պիտի գնար, իսկ Դիանան ու Ֆրանտիշեկը գնացին քաղաքով ման գալու, որ Ֆրանտիշեկը քաղաքին մի քիչ ծանոթանա: Վահանի ծնողների մոտից ավտոբուսով գալիս էր՝ տեսնի Դիանան ու Ֆրանտիշեկը, իրար ձեռ բռնած, Ամիրյանն են անցնում: Դիանան՝ ոտքերը բաց իր այն սպիտակ շորով, որ իր ծննդյան օրն էր հագել, Ֆրանտիշեկը՝ էլի իր՝ Նորիկի կարճաթևը հագին, աչքը Դիանայից չէր կտրում: «Իմ ձեռով բերի»:
Կիրակի առավոտ զանգեց Դիանային.
-Հետդ խոսելիք ունեմ:
Հանդիպեցին Կասկադ, Դիանան լատտե վերցրեց, ինքը՝ հայկական:
-Կարևոր բան ունեմ ասելու:
-Լսում եմ:- Դիանան մազափունջն ականջի ետև տարավ:
-Հիմա դու Ֆրանծիշեկի հետ ե՞ս, թե իմ:
Իհարկե, արտասահմանցի, նվաղ տղա է, աղջկա սիրտը շահել է:
-Ես ոչ մեկի հետ էլ չեմ: Նա խնամքի կարիք ունի:- Դիանան ուսը ծուլ արեց:
-Լավ ա, էլի, գա Հայաստան՝ հայ աղջկերքը վզից կախվեն:
-Դու բան չես հասկանում: Ինքը շատ մեղք ա:- Դիանան իրեն նայեց իր խոշոր աչքերով, հայացքը փախցրեց:
-Տենց էլ չհասկացա իրա պատմությունը: Բայց դե չեխ ա, էլի:
-Ինքը չեխ չի:
-Բա ո՞վ ա: Այլմոլորակայի՞ն:
-Հը՞: Դժվար ա ասել, իրանց ժամանակում իրանք ուր ասես ապրում են:
-Ո՞ր ժամանակում:
-Ինքը այլժամանակային ա:
-Ձեզ էլ մենակ ֆենթըզի պատմեն՝ ու սրտներդ իրանցն ա:
-Ես պիտի գնամ,- ասաց Դիանան:- Դու իրան հարցրա, ինքը կբացատրի:
Դիանան միշտ շտապում էր, հիմա էլ, նույնիսկ կիրակի օրով, պիտի գնար նկարչության դասի:
Նորիկը չէր պատրաստվում Ֆրանտիշեկին հարցուփորձ անել, բայց Սիմոնին հարցրեց. Սիմոնը չէ որ նրա հարևանն էր, շփված կլինեին:
Ֆրանտիշեկը տանը չէր, էլի գնացել էր թափառելու, «քաղաքն ուսումնասիրելու»:
-Չգիտեմ,- ասաց Սիմոնը,- ինքն ասում ա՝ էն օբյեկտում իրանք էքսպերիմենտ են անում: Իրան դուրս են քցել ինչ-որ մեղքի պատճառով:
-Ի՞նչ էքսպերիմենտ:
-Ասում ա՝ իրանց վախտով վիճակը վատ ա, էկել են՝ անցյալի իրականությունը փոխեն, որ իրանց մոտ էլ դզվի:
-Էն տղերքի միջոցո՞վ են փոխելու:
-Հա, էլի, իրանց ինչ-որ բաներ են բացատրում, ինչից իրականությունը փոխվում ա:
-Բա իրանց մոտ ի՞նչն ա վատ:
-Ասում ա՝ պրոգրես կա, բայց մարդս այլևս մարդ չի, մարդկայնորեն չեն վարվում իրար նկատմամբ:
-Բա էլ ի՞նչ պրոգրես:
-Դե, ապարատուրա, սարքավորումներ, հես ա՝ անցյալ գալ էլ կարող են: Իրանց մի ինսծիտուտ ձևն ա առաջարկել՝ ոնց գան անցյալ, ստե մեզ փոխեն, որ իրանց մոտ էլ վիճակը դզվի, ըստ թիթեռի օրենքի: Ինչքան էներգիա ունեին՝ սաղ ներդրել են, որ էդ հարցը մեկընդմիշտ լուծեն:
Այդ խոսքերի վրա Ֆրանտիշեկը բնակարան մտավ, բարևեց, գնաց իր սենյակ:
Նորիկը գնաց իր հետևից, դուռը ծեծեց.– Խոսելիք ունեմ:
-Բարև նորից,- ասաց Ֆրանտիշեկը:
-Դու Ձիանային հեքիաթներ ես պատմում, էդ՝ ոչինչ,- ասաց Նորիկը:- Հեքիաթներ ինքը սիրում ա: Բայց եթե լուրջ չես՝ ուրիշ իմաստով ձեռ քաշի:
-Կներես,- ասաց Ֆրանտիշեկը,- ես քեզ անհանգստացնում եմ:
Նորիկը չգիտեր, ինչ ասի ի պատասխան, ու ավելի բարկացավ:
-Ես քեզ ասում եմ՝ ուրիշ իմաստով ձեռ քաշի, չես հասկանու՞մ:
-Դու հուզված ես,- ասաց Ֆրանտիշեկը:- Հասկանում եմ:
Նորիկը բռնեց նրա թևերից, ուժեղ քաշեց.
-Բան եմ ասում, չես հասկանու՞մ:
Թափահարեց նրա թևերը: Մեկ էլ մի բան կատարվեց՝ ինքն էլ չհասկացավ, ոնց. Ֆրանտիշեկի ձախ թևն ուսից պոկվեց, մնաց իր ձեռքում: Նորիկը Ֆրանտիշեկի թևը գցեց ցած ու գոռաց: Աչքերը մթնեցին: Խուճուճները բիզ-բիզ կանգնեցին: Ստիպեց իրեն ուշքի գալ՝ հատակին բան չկար, իսկ Ֆրանտիշեկի ձախ ուսից նոր թև էր աճում, երկարում: Նորիկի աչքերը նորից մթնեցին, գլուխը շատ ուժեղ ցավաց: Բայց ինքն իրեն թափ տվեց. «Չի կարելի հիմա ուշք կորցնել»: Տեսնի՝ Ֆրանտիշեկն արդեն նոր աճած ձեռքով իրեն բաժակով ջուր է մեկնում:
Նորիկը մեջքը պատին էր հենել, թե չէ ընկած էր լինելու: Ջուրը չխմելով, Ֆրանտիշեկից իրեն հեռու պահելով՝ սենյակից դուրս վազեց, Սիմոնին շրջանցեց, բնակարանից դուրս վազեց, փողոցով վազեց:
Գնաց տուն, լվացվեց, հայելում նայեց՝ հո խուճուճները չէի՞ն սպիտակել, թվում էր՝ սպիտակած պիտի լինեն:
Հետո վազեց արվեստանոց, ուր Դիանան նկարում էր.
-Ձիան,- կանչեց.- դուս արի:
Դիանան դուրս եկավ:
-Ինքը իրական չի:
-Դու բան չես հասկանում,- ասաց Դիանան:- Պրոգրեսն էնտեղ շատ ա զարգացել: Ասեցի, չէ՞՝ խնդիրն էդ չի:
-Բա ինչն ա:
-Վաղը չէ մյուս օրը X օրն ա: Իրանք պիտի մարդկանց փոխած լինեն: Հենց որ իրանք մարդկանց փոխեն՝ ապագան կփոխվի: Իսկ երբ ապագան փոխվեց՝ իրանք, բնականաբար, կվերանան: Իրանք այլևս չեն լինի, իրանց փոխարեն ուրիշ մարդիկ կլինեն՝ ըստ էս ներկայից փոխված ապագայի: Ֆրանտիշեկը դրանից ա վախում՝ որ ինքն այլևս չի լինի: Եվ իրան, որպես վախկոտի, օբյեկտից դուրս են շպրտել:
Նորիկը կես-հավատում էր, կես՝ չէ, ուղեղը երկու ուղեղ էր դարձել, նույնիսկ՝ երեք, երրորդ ուղեղն էլ ասում էր. «Ինչ ես հուզվում, ինքը մարդ չի, իրանից վտանգ չկա, մարդու ձեռը եթե էդքան հեշտ ա պոկվում ու աճում: Ավելի լավ»:
-Բայց ինչի՞ են իրանք ճամբարը հենց ըդտե դրել:
-Մենակ էդտեղ չի, ասում ա ՄԱԿ-ի հետ պայմանավորվել են՝ էներգետիկ կետեր կան աշխարհում, մեկը հենց Մեծ ու Փոքր Սևանի հանդիպման կետն ա՝ Շորժան. մի քանի կետում դրել են:
-Բա էն տղերքին ո՞նց են փոխում:
-Ասում ա՝ կրթում են իրանց ձևերով:
Նորիկը գլուխը թերահավատորեն օրորեց:
-Փոխանակ գնան սահման… Էդքան պինդ տղերքով որ գնային…
Ասաց ու հիշեց, որ, ախր, ինքն էլ սահմանին չէ և ունի պատճառներ՝ ինչու:
-Բայց ինչի՞ են հենց էս ժամանակ փոխում:
-Ասում ա՝ հենց էս ժամանակ էր, որ լրիվ պարզ դառավ, որ տեխնոլոգիական պրոգրեսն ու բարոյականն արդեն լրիվ իրարից առանձնացել են, իննսուն ասճան տարբեր ուղղություններով են շարժվում, իրար ուղղահայաց:
-Բա ինչի՞ պիտի ինքը անհետանա:
-Որովհետև թիթեռի էֆեկտն էդ ա՝ էն պահից, ինչ փոփոխությունն էղավ, ալիքները կամաց-կամաց մեծանում են: Աշխարհը կփոխվի, ու իրանք չեն ծնվի, ապագայի իրանց տարբերակը, որ պիտի լիներ, կանհետանա, ու իրանք՝ ծըլը՛նգ – կվերանան: Կարող ա շատ ավելի լավ ապագա լինի, բայց իրանք արդեն չեն լինի:
Իսկ վաղը Սիմոնը զանգեց, թե՝ Ֆրանտիշեկը վատ ա:
Նորիկն ու Դիանան եկան:
Ֆրանտիշեկը պառկած էր «իր» սենյակում և ասում էր. «Ուզում եմ մերոնց հետ լինեմ»: Գիշերը զառանցում էր անհայտ լեզվով: Դիանան կողքը նստած՝ թաց շոր էր դնում ճակատին:
Առավոտը Նորիկը, Արմենն ու Դիանան Ֆրանտիշեկին նստեցրին Սիմոնի մեքենան, գնացին Շորժա: Մեքենան մոտեցավ միջազգային օբյեկտի դարպասին, զինվորիկն ավտոմատը ցցեց:
-Իրանցից մեկին ենք բերել, ուզում ա իրանց հետ լինի,- ասաց Սիմոնը:
-Հետ դառեք,- ասաց զինվորիկը,- արգելված ա:
Սիմոնն ու Նորիկը Ֆրանտիշեկին դուրս բերեցին մեքենայից, կանգնեցրին դարպասի դիմաց:
-Ինքը պիտի իրանցոնց հետ լինի,- ասաց Դիանան,- տե՛ս վիճակը:
-Հե՛տ դարձեք,- ճչաց զինվորիկը:- Իսկույն նստեք ձեր մեքենան և հեռացեք: Իսկու՛յն:
-Մեղք ա, իրանցից ա, քեզ հետո կպատժեն, որ ներս չթողեցիր:
-Կկրակե՛մ,- գոռաց զինվորիկը:- Իմ գո՛րծը չի:
Այդ պահին դարպասի ետևից աղմուկ լսվեց: Դարպասը կրնկի վրա բացվեց, դուրս հորդաց հերվա երիտասարդների ամբոխը – հարյուրավոր մորուքավոր այթիշնիկներ, մի քանի հատ էլ՝ աղջիկ:
Քայլում էին, զրուցելով, անտեսանելի ինչ-որ մեկերին ձեռքով անելով՝ հրաժեշտ տալով, նայում էին զինվորիկին, Սիմոնին, Ֆրանտիշեկին, Դիանային, Նորիկին, Արմենին ու կողքներով անցնում՝ զբաղված, ուրախ, անհոգ:
Ուժեղ քամի բարձրացավ: Խփում էր բաց դարպասից: Պտտահողմ էր: Լցվեց իրենց աչք, քիթ, բերան, ստիպեց վազել, վազեցրեց, մեջքներով հենեց լեռան լերկ ուղղահայաց ապառաժներին:
Երիտասարդների խումբը ցրվեց սարալանջով մեկ, ոմանք գետնին տապալվեցին, ոմանք մեջքները հպեցին ժայռերին, ոմանք շարունակեցին վազել՝ քամուց քշվելով: Փոթորիկը ջիփը տեղից շարժեց, սկսեց հրել դարպասից հեռու:
Խլացուցիչ պայթյուն: Օբյեկտը ծածկվեց մանուշակագույն սնկաձև ամպով:
-Չհասցրինք,- լացեց Դիանան:- Չհասցրինք:
-Ի՞նչը չհասցրինք,- ասաց Նորիկը, փորձելով Դիանային պտտահողմից պատսպարել մարմնով:
-Է՛շ ես դու, տենց էլ բան չհասացա՛ր,- լացեց Դիանան ու դմբուզիկները խփել սկսեց Նորիկի կրծքին,- հե՛տ կանգնի, տուպո՛յ:
Նորիկը հետ կանգնեց:
Ֆրանտիշեկն անուժ պառկած էր ժայռի ստորոտին: Դիանան բռնեց նրա գլուխը, սկսեց շոյել:
-Ցտեսթյուն, խեղճ տղա: Կներես, չկարեցանք քո վերջի իղձը կատարել:
Նորիկը նայում էր Դիանային՝ Ֆրանտիշեկի գլուխը բռնած - մեծահոգուն, գեղեցիկին, բուժքրոջը, վերջին մխիթարողին, իրեն անվերջ վիրավորողին: Հիմա-հիմա Ֆրանտիշեկը պիտի ծըլը՛նգ - անհետանար, ինչպես և միջազգային-միջժամանակային օբյեկտը, ինչպես և նրանց անուրախ ապագան՝ նորի փոխարեն, նրա՝ որն ուրախ երիտասարդների անհոգ այս խումբն էր բերելու: Նորի՝ որում ձեռք կորցնող և նորից աճող Ֆրանտիշեկ այլևս չէր լինելու, ավաղ: Նորի՝ որում տեխնոլոգիական պրոգրեսն ու մարդկանց վարքի պրոգրեսը թև-թևի տված էին զարգանալու:
Բայց հանկարծ զգաց, որ քամին թուլացել է, ամպը՝ ցրվում է, իսկ Ֆրանտիշեկը էլի մնում է պառկած, գլուխը՝ Դիանայի գոգին, և Դիանան շարունակում է լացակումած իր մխիթարանքը. «Իմ խե՜ղճ տղուկ, իմ ազի՜զ պուճուր»:
Նորիկը նայեց՝ միջազգային օբյեկտը կանգուն էր: Դարպասը՝ կրնկի վրա բաց, պահնորդները զենքերը դարսում էին իրար վրա, բլուր սարքում, դուրս գալիս, հետո սկսեցին դուրս գալ Ֆրանտիշեկին շատ նման արարածներ:
Մեկը մոտեցավ իրենց:
-Ի՞նչ պատահեց,- ասաց Նորիկը:
-Սխալվեցինք,- ասաց արարածը:- Ֆրանտիշեկ, դու կենդանի կմնաս: Ինչպես և բոլորս:
Ֆրանտիշեկը գլուխը բարձրացրեց:
-Չի ստացվում,- ասաց արարածը:- Ժամանակի մեր հիպոթեզը սխալը դուրս եկավ: Երբ անցյալն արհեստականորեն, «վերից» փոխում ենք՝ ապագան չի փոխվում. անցյալն իր մեջ այդ փոփոխությունն արդեն ընդգրկած է, աբսորբացրած նախապես՝ երբ ինքը կատարվում էր:
-Այսինքն մարդկությանն ուղղելը, տեխնոլոգիական ու բարոյական պրոգրեսն իրար բերելն անհնարի՞ն ա,- ասաց Դիանան:
-Ինչի՞,- ասաց Սիմոնը:- Սկզբունքորեն՝ ոչ: Ուղղակի մենք ինքներս պիտի էդ անենք, մեր իսկ վարք ու գործերով: Պարզապես պետք ա, որ ամեն մեկս անընդհատ ընտրություն անի, դրանից պրծում չկա: Հենց որ չես անում՝ աշխարհը թարս ա գնում:
-Բա որ ես անեմ, ուրիշը չանի՞,- ասաց Արմենը:
-Հենց էդ ա,- ասաց Սիմոնը:- Բոլորը պիտի անեն ու անընդհատ: Բոլորը ունեն ընտրություն: Ամեն պահի: Ամեն պահի: Դու ազատ ես: Կարող ես վարվել սենց կամ նենց:
-Մարդն ազատ չի,- ասաց Արմենը:
-Էլ մի՛ սկսեք,- ասաց Դիանան:
Նորիկը փորձեց պատկերացնել ժամանակի այդ երկու վարկածները և զգաց, որ երևակայությունը չի հերիքում, բարդ է. մի կողմ դրեց փորձը: Հետաձգե՞ց:
Արմենը հանկարծ հռհռաց.
-Ինչ ա էղե:
-Էդքան մարդ, մի ամբողջ քաղաքակրթություն հավաքվե ու կենտրոնացած սպասում էին իրանց մահվան հանուն մարդկության ավելի լավ ապագայի՝ ու մեկ էլ՝ ուպս:
-Ցինիկ,- ասաց Դիանան, գորովանքով նայելով Ֆրանտիշեկին:
-Բայց լուրջ, տարօրինակ ա,- ասաց Արմենը. - մարդիկ համաձայն են իրանց կյանքերը զոհաբերել որ լավ լինի՝ ու էֆեկտ չկա: Իսկ ի՞նչ էիք անում էդ տղեքին:- Կրթում էինք:- Բա խի՞ չստացվեց:- Եսիմ:- Ուրեմ լավ չէիք կրթում:- Մեր լավագույն ուսուցչուհիները…- Վայ թե այթիշնիկները բանի պետք դուս չեկան…- Չէ, ժամանակի էությունն է…
Ֆրանտիշեկը, գլուխը թափ տալով, ոտքի կանգնեց: Նրա սփրթնած շուրթերին ժպիտ էր գոյանում:
Նորիկը նայում էր Դիանային ու մտածում. «Ի՞նչ պիտի անեմ ես, ի՞նչ պիտի փոխեմ, ի՞նչս փոխեմ, որ ինքը իմը դառնա»: Եվ չգիտեր:
Comments