top of page
Search
Writer's picturefrunz8

#Աստղային_հորիզոն «Հավասարների քաղաքը », Հեղինակ՝ Լիաննա Խաչատրյան



- Հաշվարկներ քո օգտին չեն: Ողջ մնալու հավանականությունը ամեն վայրկյան ավելի փոքր է։ 

 Քաղաքի գիշերային լույսերը սողում են սաղավարտի ապակու վրայով։  Մոտոցիկլետիդ սուլոցը խլացնում է ականջակալիդ մեջ լսվող Նինվեի ձայնը։ 

-077448, չորս կիլոմետր անց պարեկների նոր խումբ է քեզ սպասում։ Նրանք ունեն կրակելու իրավունք։ Հանձնվելը, հավանաբար, տրամաբանական քայլ է։ 

« Լռի՜ր, Նինվե»: 

Դու լսում ես պարեկների էլեկտրոնային մոտոցիկլետների՝ ականջ ծակող սուլոցը։ 

-077448, ճանապարհը փակ է։ Բոլոր հաշվարկները․․․

« Լռի՜ր, Նինվե»: 

Նա ունի քաղաքի մանրամասն քարտեզը։ Նինվեն գիտի, որ մեկ կիլոմետր անց դու պիտի կտրուկ թեքես աջ. ձախ կողմում ճանապարհ չկա։ Բայց դու կտրուկ թեքում ես ձախ, հարվածից կոտրվում է ժայռի միջի հին թունելը թաքցնող փայտե պատնեշը, որը սակայն ծածկել էին ժայռապատկերի թվային ծածկույթ-նկարով։ Անցնողը կմտածեր, թե պարզապես ժայռ է։ Քաղաքապետարանի աշխատողները կրկին գումարներ էին գրպանել։ Ժայռի միջի հին թունելը ամբողջովին բետոնապատելու փոխարեն, ծածկել էին փայտե մուլյաժով։ Կոռուպցիան այս քաղաքի թաքուն թմրամիջոցն է։ Կոռուպցիան այսօր հավանաբար կփրկի քո կյանքը։ Սաղավարտը հարվածից շարքից դուրս է գալիս։ Գլխիդ մեջ լսվող խշշոցը շուտով լռում է։ 

-Նինվե՞

-․․․

-Նինվե, կապի դուրս արի։ 

-077448, այս որտե՞ղ ես։ Ըստ քարտեզի՝ դու ժայռի մեջ ես։ 

-Հին թունելա։ Մի ամիս առաջ միամիտ հայտնաբերել եմ։ 

-Բա ինչո՞ւ չես ավելացրել բազայի մեջ։ 

Ժպտում ես։

-Կներես։ Մոռացել էի։ 

Նինվեն լուռ է։ Նինվեն չգիտի՝ ինչպես արտահայտել շփոթմունքն ու զայրույթը։

-Նինվե։

-Լսում եմ, 077448։

-Հաշվարկիր ողջ մնալու շանսերս։ 

Հապաղում է։ Նա վաղուց է քեզ հետ։ Քո կոմունիկացիոն բոլոր պատերններն անգիր է արել։ Նա գիտի՝ ինչ պատասխանել։

-Շատ ծիծաղելի է, 077448։

Բարձր ծիծաղում ես։ 

-Պարզապես տուն արի։ 

-Բա գալուց քեզ  ի՞նչ բերեմ։

-․․․

-Նինվե՞:

-Հեսա ծիծաղից կուշաթափվեմ։ 

-Լավ, եկա։ Բայց սարկազմիդ վրա դեռ պիտի աշխատենք։ 

-Տուն արի, 077448։

․․

Քննիչ Լիսա Նաքինյանը միացնում է թվային ակնոցները։ Կրկին ու կրկին ուսումնասիրում է բոլոր նկարներն ու զեկույցները։ Արդեն մեկ ամիս է, գրեթե չի քնում։ Նոր կառավարիչը պայման է դրել` լարել բոլոր ուժերը՝ ավազակախումբը բացահայտելու համար։ Քաղաքը միջքաղաքային շուկայական համակարգում վարկանիշային անկում է գրանցել։ Կորուստները շատ են։ Քաղաքատեր պարոն Քանյանը զայրանում է։ Սպառնում է համակարգի բոլոր աշխատողներին դուրս վռնդել։ Բոլորի հետ աշխատանքային պայմանագրերը խզել։ Երկու միլիոն մարդ փաստացի կմնա առանց աշխատանքի։ Ինչ-որ ավազակների խմբի պատճառով։ 

 Քննիչը գիտեր, արդեն գիտեր, որ իրենք գործ չունեն պարզապես ավազակախմբի հետ։ Սրանք ինչ-որ հերթական հաքերներ չեն։ Կես տարվա մեջ երեք անդամ են ոչնչացրել։ Հետո ստուգել են նրանց տվյալները։ Երեքի անունն էլ Գիլգամեշ։ Հասցեն` Ուռուք քաղաք։ 

 Քաղաքի թիվ մեկ Կառավարիչ Դրդեն իր վերլուծությունների մեջ գրել էր, որ, ըստ ամենայնի, պարզապես թիմակից հաքերները մաքրում են անձի մասին տեղեկությունները և միշտ գրում նույն տեքստը։ Հին շումերական էպոսից վերցված անուն և հասցե։ Այժմ Դրդեն գործազուրկ է։ Նոր կառավարիչը Նաքինյանին ամեն օր զանգում է։ Հավանաբար, վախենում է նույն ճակատագրին արժանանալուց։ Վաղը կարևոր օր է, հանդիպում պարոն Քանյանի հետ։ Հերթական զեկույցը։ Կառավարիչը խորհուրդ է տվել հետևել փաստերին և հեռու մնալ վարկածներ ներկայացնելուց։ Լիսան հասկանում էր նրա անհանգստությունը, իր վարկածն իրոք վախեցնող էր։  

Նա վերջապես հանեց թվային ակնոցները։ Տրորեց հոգնած աչքերը։ Իր արտացոլանքը տեսավ դիմացի պատը գրեթե ամբողջությամբ ծածկող էկրանի մեջ։ Բոսորագույն մազերը չորացած ճյուղերի նման խճճվել էին գլխի վրա։ Քառասուներկուամյա փոքրամարմին այս կինը երկար տարիներ ծառայել է Անդոք քաղաքի ցանցային անվտանգության համակարգում։ Բարձր վարկանիշով քաղաքացի է։ Օգտվում է սոցիալական և առողջապահական բավականին թանկ փաթեթներից։ Եվ հիմա այս կյանքը սպառնում էր փոշիանալ, քանի որ քաղաքատեր, նույն ինքը՝ Անդոք քաղաքը հիմնադրած «Բերդին» խոշոր ընկերության հիմնադիր պարոն Քանյանը կարող էր անվտանգության համակարգի բոլոր աշխատակիցներին դարձնել գործազուրկ։ Չունենալ աշխատանքային պայմանագիր Անդոքում նշանակում է զրկվել ամեն ինչից։ Զրոյի ձգտող վարկանիշով։ Անտուն դեգերել աղքատների թաղամասում, կյանքդ նորից սկսելու հույսով կամ բացարձակ հուսալքությամբ։ 

․․․․

-Բարի գալուստ տուն։

-Ողջույն, Նինվե։ 

 Մի կողմ ես դնում սաղավարտը։ Քրտնած մազերի սև երկար հյուսքը պարանի պես կախված է մեջքիդ։ Փռվում ես բազկաթոռին։ Փոքր սենյակի պատից կախված է հայելին։ Նրա միջից քեզ է նայում հոգնած, բայց գոհ երիտասարդ տղամարդու դեմքը։ Դիմագծերդ կոշտ են, աջ աչքիդ տակ սպի կա։ Կանանց երբեմն դրա մասին տարբեր պատմություններ ես պատմում, իսկ իրականում երբ փոքր էիր, մայրդ քեզ ստիպված իր հետ տանում էր աշխատանքի։ Փաթեթավորման գործարանում նա վերահսկում էր ռոբոտների աշխատանքը։ Այստեղ էլ մի անգամ անհաջող ընկար։ Բժիշկը վերքը կարեց։ Մորդ պարտքերն ավելացան։ Վեցը տարի անց միայն նա կարողացավ մարել հասարակ կարի գումարը։ Որովհետև ցածր վարկանիշով քաղաքացին բուժօգնության համար բարձր է վճարում։ Այսպիսին են ազատության և արդարության կանոնները Անդոք քաղաքում։ 

-Նինվե, կարոտե՞լ էիր ինձ,-հարցնում ես` նայելով վերև։ Արդեն գիշեր է։ Քաղաքի լույսերը պատուհանից սողոսկել են ներս և պարում են առաստաղիդ ու պատերիդ վրա։ 

-Ոչ,- ականջակալներիդ միջից պատասխանում է կնոջ հաճելի ձայնը։ 

-Ես պլստացի պարեկների ձեռքից։ 

-Զարմանալի է։ 

Ծիծաղում ես։ Նինվեն ամեն օր ավելի ու ավելի լավ է յուրացնում սարկազմը։ 

-Իսկ ի՞նչ ես արել դու: 

-Գնումներ։ Սնունդ եմ պատվիրել։ Մի ցածր վարկանիշով ընտանիքի հասցեով եմ ուղարկել։ 

-Հմմ...ապրես, բարի ես։

-Միշտ։ 

Ժպտում ես։ 

-Նաև քեզ համար վարկ եմ վերցրել։ 

-Ի՞նչ ես ասում։ Իրո՞ք։ 

-Այո։

-Եվ ինչո՞ւ եմ ես ընկել պարտքի տակ։

-Բիզնես ես բացում։ 

-Ի՞նչ բիզնես։ 

-Գրքերի առք ու վաճառք։ Դու գրքեր սիրում ես։ 

Փոքր խուցը, որը դու տուն ես անվանում, ամբողջությամբ լցված է գրքերով։ Գրադարակներ չունես։ Գրքերը շարված են գետնին, սեղանի վրա, մահճակալիդ տակ։ 

-Նինվե, իսկ շա՞տ գումար ես վերցրել։ 

-Բավարար, որպեսզի բանկային համակարգի աշխատակիցները հանգիստ քնեն։ 

Կրկին ժպտում ես։ Փակում ես աչքերդ։ 

-Ափսոս տանուլ եմ տալու։ 

-Դրանում չկասկածես:

Խորը շունչ ես քաշում։ 

-Ես քեզ սիրում եմ, Նինվե։ 

-Ես էլ քեզ, 077448:

Կռանում, հանում ես կոշիկներդ։ Շպրտում մի կողմ։ Ոտքերդ ցավում են։ Շատ քայլեցիր այսօր։ 

-Նինվե, արի ինձ էլ թվերով մի դիմիր։ 

-Քո անունը երկար է։ Դուք սիրում եք կրճատել անունները։ 

Պառկում ես մահճակալիդ։ Ճռռոց։ 

-Ու դու անունս կրճատելու համար որոշել ես հանել տառերն ու թողնել թվերը։ Էսթետիկ չի։ 

-Դու Գիլգամեշ 077448-ն ես։ Թվերն են, որ քեզ առանձնացնում են Ուռուքի մյուս քաղաքացիներից։ Այդպես ավելի ճիշտ է։ 

Կոպերդ ծանրանում են։ 

-Լավ, ոնց ասես։

Արդեն կիսաքնած ժպտում ես։ 

-Բարի գիշեր, Նինվե։ 

-Բարի գիշեր, Գիլգամեշ 077448:

․․․․

Անդոքը ամենախոշոր և ամենահաջողված նեոֆեոդալական քաղաքների ցուցակի առաջին հնգյակում է։ Այսօր, երբ աշխարհը տարբեր քաղաքների մեծ սարդոստայն է հիշեցնում, նեոֆեոդալական քաղաքները ներկայանում են որպես արդար տնտեսական գոտիներ։ Բայց վերջին շրջանում ահաբեկչության մի քանի չբացահայտված դեպքերի ու համակարգային խնդիրների պատճառով քաղաքի վարկանիշն ընկնում է։ Եթե քաղաքը համարվի տնտեսապես ոչ ապահով գոտի, կվերանա, կամ էլ քաղաքատերը ստիպված կլինի այն վաճառել։ 

 Քննիչ Լիսա Նաքինյանը սենյակի՝ գետնից մինչև առաստաղ ձգվող ապակե պատուհանից նայում է մեղվի փեթակ հիշեցնող Անդոքին։ Հայելապատ երկնաքերերը կողք կողքի շարված դոմինոյի քարեր են հիշեցնում, ասես՝ սպասում են, որ ինչ-որ տարօրինակ ձեռք դրանք հրի, որպեսզի միմյանց հարվածելով՝ շենքերը քաղաքը վերածեն մեկ այլ, բարդ նախշի։ Անդոքի սպիտակ դիմագծերը մեջտեղից աղճատված են ծուռումուռ ժայռերով, որոնք երկնաքերերով զարդարված դեմքը կիսում են հին սպիի նման։ 

Քննիչը քաղաքի թիվ մեկ նորաթուխ կառավարիչ՝ Բակերի Վիհրապի հետ էր, երկնաքերերից ամենաբարձրի նախավերջին հարկում։ Ամբողջովին դատարկ այս սրահի մեջտեղում միայն երկու աթոռ էր դրված, որոնք նայում էին դիմացի պատ-էկրանին։ Սպասում էին, որ շուտով պետք է տեսակապով միանան քաղաքատեր պարոն Քանյանին։ Թե որտեղ էր իրականում գտնվում քաղաքատերը, ոչ-ոք չգիտեր։ Կառավարիչն այն մարդկանցից էր, որոնք լարվածությունից շատախոսում են։ 

- Քաղաք-պետություններն ընտրել են հավասարությունը, իսկ մենք՝ արդարությունը։ Սա ճիշտ է։ Անդոքում բոլորը, անխտիր բոլորը կարող են քաղաքացի դառնալ։ Ամեն ինչ այնքան ճիշտ է, ախր այնքան իդեալական ճիշտ է։ Դու դառնում ես քաղաքացի, շատ արագ, պարզապես պետք է գրանցվել։ Միանում ես քաղաքի ամպային տնտեսական համակարգին։  Ահա քեզ թվային փաստաթղթերը, աշխատանքի թույլտվությունը և վարկանիշը, որը իհարկե սկզբում զրո է, քանի որ մենք չգիտենք՝ դու ով ես։ Հետագայում դե ցույց տուր քեզ։ Կլինես լավ քաղաքացի, վարկերդ կմարես, կաճես, կդառնաս լավ մասնագետ կամ գործարար․․․ հրաշալի, բարձրացիր, դարձիր քո կյանքի տերը։ Ախր իդեալական համակարգ է։ Բուրգի վերևում գտնվում են միայն նրանք, ովքեր արժանի են։ Կորցրեցի՞ր արժանիքներդ, վարկանիշդ ընկնո՞ւմ է․․․ հաջողություն։ Սկսիր նորից, կամ հավերժ դեգերիր աղքատների թաղամասում, քաղաքի ծայրամասում։ Արդարություն։ Ու անընդհատ գտնվում են հիմար ֆանատիկոսներ, որոնք ուզում են սրա դեմ պայքարել։ Եղբայր, դուրդ չի գալիս, դուրս արի մեր տնտեսական համակարգից, գնա քաղաք-պետություններում քաղաքացիություն մուրա, - նյարդային ծիծաղում է,- տեսնեմ՝ ինչպե՞ս ես ստանալու․․․

Քննիչը նայում է Բակերի Վիհրապի ջղաձգված  դեմքին։ Տեսնես այս կլորիկ մարդը իրավիճակի՞ց է վրդովվում, թե՞ պարոն Քանյանի հետ հանդիպումից է վախենում։ 

 Էկրանը միանում է։ Քննիչն ու կառավարիչը տեղավորվում են իրենց աթոռներին։ Պարոն Քանյանի այդքան ծանոթ դեմքը հանգստացնող ազդեցություն ունի։ Լիսան ժպտում է միջին տարիքի բավականին բարետես տղամարդուն և նրա ջերմ բարևից մի տեսակ հանգստանում։ Հենց այս պահին է հասկանում, որ չի խաղալու կառավարչի առաջարկանոններով։ Քանյանն ազատամիտ մարդ է, նա լավ քաղաք է կառուցել, նա արժանի է լսել, թե ինչ վարկածներ ունի քննիչը կատարվողի վերաբերյալ։ 

 Վիհրապին սկսում է լարված ձայնով ներկայացնել իրավիճակը։ Հաքերային հարձակումների արդյունքում շարունակվում են էլեկտրաէներգիայի պարբերաբար անջատումները քաղաքի տարբեր թաղամասերում, որոնք հստակորեն ունեն քաղաքի բնակչությանը ահաբեկելու նպատակ։ Այս գործերի հետ կապված հաջողվել է գտնել միայն երեք անձի․ նրանց չեն հասցրել ձերբակալել, երեքն էլ անհասկանալի պատճառներով մահացել են։ Մահից հետո համակարգում նրանց տվյալները նույնն էին․  երեքն էլ գրանցված են, որպես Գիլգամեշ, հասցեն՝ Ուռուք քաղաք։ Դա հին շումերական էպոսից վերցրած արքայի կերպար է, իր թագավորած քաղաքով, այսինքն՝ ինչ-որ կերպով այս մարդկանց տվյալները ջնջվել են։ 

-Փոխվել են,-ուղղեց քննիչը։

Վիհրապին սառած նայեց Լիսային, կարծես չէր սպասում, որ իրեն կընդհատեն։ Ցածր ձայնով պատասխանեց.

-Ջնջվել են։ Եթե Ձեր անունը ջնջում են և դնում ինչ-որ միֆական անուն, ուրեմն ձեր անունը ջնջում են։ 

-Փոխում են անունը։

Վիհրապիի ճպոցը արձագանքեց սրահի մեջ։ Նա ուզում էր ինչ-որ բան ասել, բայց չհասցրեց բացել բերանը։ Պարոն Քանյանը խոսեց. 

-Տիկին Լիսա Նաքինյան։

-Այո։

-Ինձ թվա՞ց, թե դուք վարկած ունեք։

-Օհ․․․Ես ունեմ, բայց այն դեռ շատ․․․խճճված է։ 

-Պարոն Քանյան, ես ծանոթ եմ տիկնոջ վարկածին, այն․․․ շատ մտացածին է, ոչ մի լուրջ բան․․․․,- միջամտեց Վիհրապին։ 

-Լսում եմ ձեզ, տիկին Լիսա։ Եվ ՄԻԱՅՆ Ձեզ,-հրամայեց Քանյանը։ 

Լիսան խորը շունչ քաշեց։ 

-Պարոն Քանյան, վերջին շրջանում մենք ոստիկանական համակարգի աշխատանքի հետ կապված խնդիրներ ենք արձանագրել։ Մարդիկ ցույցեր են անում և բողոքում, որ իրենց հասցեին գալիս են տուգանքներ խախտումների վերաբերյալ, որոնք նրանք չեն արել, մարդկանց վարկանիշներն ընկնում են։ Մի քանի դատական գործեր անգամ եղան և տուգանք գրող ոստիկանները անփութության համար ազատվեցին աշխատանքից։ 

- Տիկին Լիսա,  մենք հիմա նոր կանոնակարգ ենք մշակում ոստիկանության աշխատակիցների համար։ Բարձրացնելու ենք համակարգում գործի անցնողների համար պահանջների շեմը․․․

-Պարոն Քանյան, ներեցեք, որ ընդհատում եմ, բայց․․․իսկ ի՞նչ կասեք, եթե ասեմ, որ խնդիրը աշխատակիցները չեն։ 

-Տիկին Լիսա, ես հասկանում եմ ուր եք տանում զրույցը։ Ոստիկանության աշխատակիցներն էլ էին ասում, որ ծրագիրն է մեղավոր։ Տեսեք, կա քաղաքացի, նրան նկարում են քաղաքում տեղադրված տեսախցիկները, դեմքերի ճանաչման ծրագիրը միանգամից նրան ճանաչում է և տուգանքն ուղարկում քաղաքացուն կցված հասցեին։ Ծրագիրը բազմիցս ստուգվել է, այն իդեալական աշխատում է։ 

-Իսկ ի՞նչ, եթե ծրագիրը չի հասկանում, որ սխալվում է։ Եվ այն ստուգող ծրագիրն ու մարդը նույնպես։ 

 Քանյանի դեմքի արտահայտությունը փոխվեց։ Նա հենվեց բազկաթոռին։ Մտածեց։ Նայեց Լիսային․

-Շարունակեք․․․

-Պարոն Քանյան, մտապահեք այս հարցը, քանի որ վերջում կգանք սրան։ Իսկ հիմա, ձեր թույլտվությամբ, վերադառնամ իմ վարկածին։ Այդ երեք մահացածների մասին քննչական խումբը միայն թվային տվյալներն էր ստուգել և արձանագրել, որ ոչ մի արտաքին պատճառ մահվան համար չկա։ Այսինքն` անհասկանալի է, թե ինչու են մահացել։ Ես անձամբ ուսումնասիրել եմ երեք դիերը։ Ահա՝ ինչ եմ գտել։ 

Լիսայի ձեռքի հպումով երեք նկարները երևացին Քանյանի էկրանին։ Երկուսը՝ մարմնի վրայի դաջվածքի պատկերներ էին, մեկը՝ սաղավարտի վրա նկարված փոքրիկ, գրեթե աննշան նկար։ 

Քանյանը նայեց․

-Հմմ, սաղավարտին փոքր թիթեռնիկ է։ ՁԵռքին՝ թիթեռ, իսկ այս դեպքում ձեռքին․․․ Բվի դիմակ՞․․․

-Այն նաև Թիթեռ է կոչվում։ Մեծատառով: Ուշադիր եղեք, ժամանակի հետ գծերը մի փոքր խամրել են, բայց դա մեկ պատկեր չէ, օղակաձև, պարուրաձև գծեր են։ Լորենսի ատրակտորն է, քաոսի տեսության խորհրդանշանը, որին նաև Թիթեռ են անվանում: Այն ցույց է տալիս, թե ինչպես կարող է չնչին փոփոխությունը սկզբնական պայմաններում հանգեցնել մեծ տարբերությունների արդյունքներում։ Սա քաոսի տեսության հիմնարար գաղափարներից մեկն է, որը հաճախ անվանում են «թիթեռի էֆեկտ»։

-Քաոսի տեսություն։ Թիթեռի էֆեկտ․․․

-Այո, պարոն Քանյան։ 

-Նրանք ուզում են իմ քաղաք քաոս բերել․․․ 

Լռություն։ 

-Վախենամ իրավիճակը շատ ավելի բարդ է։ Այս թիթեռը անկանոնության մասին չէ։ Այն խորհրդանշում է բարդ համակարգ, որը լոկալ առումով անկանխատեսելի է, գլոբալ առումով՝ կայուն։ 

-Այստեղ սկսվում են հեքիաթները,-միջամտեց գերլարված կառավարիչը,-հիմա Ձեզ կպատմի, որ սա նրանց գաղափարախոսությունն է։ Այս հաքերները ծառայում են թիթեռի աստծուն։ Պետք չէ հասարակ ավազակախումբը․․․

-Ես նման բան չասացի։ Պարզապես Լորենսի ատրակտորը ինչ-որ կերպ դարձել է պայքարի նշան, չգիտեմ՝ ինչպես։ Եվ վախենամ․․․նրանք ավազակախումբ չեն․․․

Լիսային թվաց, թե օդը ծանրացավ։ 

-Բա ովքե՞ր են, ի՞նչ են ուզում ինձնից։ 

-Պարոն Քանյան, կարծես թե նրանք ձեզնից ոչինչ չեն ուզում։ 

Քանյանը նայեց ուղիղ Լիսային։ Նրա խոշոր մոխրագույն աչքերում հստակ երևում էր ցասումը և․․․վա՞խը․․․

-Պարոն Քանյան, ինձ թվում է նրանք․․․Քաղաք են կառուցում։ 

-Ես գիտեի, որ նման հիմարություն կասես,- նետեց Կառավարիչը։ 

-Լո՜ւռ,-գոռաց Քանյանը։ Քաղաքատիրոջ հրամանից ապակե պատերը դղրդացին։ 

-Ի՞նչ քաղաք։ Վիրտուա՞լ․․․

-Հմմ․․․կարծում եմ, ոչ այնքան։ 

-Նրանք իմ քաղաքի մեջ քաղա՞ք են կառուցում։ 

-Դա իմ վարկածն է։ 

-Ինչպե՞ս։

-Ես ունեմ անուղղակի տվյալներ, որ այդ մարդիկ ունեն իրենց տարադրամը, ներքին օրենքները։ Ուռուքը միֆական շումերական քաղաք չէ, դա նրանց քաղաքն է, հավասարների քաղաքը, որտեղ բոլոր քաղաքացիները քաղաքի տերն են, ու դա է պատճառը, որ քաղաքացիություն ստանալիս նրանց անունները ՓՈԽՎՈՒՄ են, բոլորը դառնում են Գիլգամեշ։ Հավանաբար, տարբերակումը արդեն անվան կողքին կցվող թվային կոդով է տեղի ունենում․․․չգիտեմ․․․

-Մի րոպե, Լիսա, մի րոպե,- Քանյանը թափահարեց գլուխը և մի պահ անգամ ժպտաց,-դու ասում ես՝ ունեն իրենց արժույթը, այսինքն առևտուրն անում են իրենց ներքին շուկայում, բայց եթե դա այդպես լիներ մեր համակարգը կզգար, որ ինչ-որ քաղաքացիներ դուրս են ընկել ֆինանսական անցուդարձից։ 

-Եթե մեկ այլ ծրագիր այդ քաղաքացիների ֆինանսական շարժի սիմուլյացիա չիրականացներ։ 

-Այսինքն․․․

-Նինվե։ Երբ դառնում ես Ուռուքի քաղաքացի, ստանում ես թույլտվություն ներբեռնել Նինվե ծրագիրը։ Ի՞նչ է անում այն։ Քեզ տալիս է նոր ինքնություն, դու այլևս Գիլգամեշ չգիտեմ որերորդն ես, Ուռուքի տերերից մեկը, իսկ քո անդոքյան ինքնությունը, որպես փուչ խեցի, մնում է։ Այլևս Նինվեն ինքն է քո փոխարեն ֆինանսական շարժ ցույց տալիս, այնպես, որ Անդոքի ֆինանսական համակարգը ոչինչ չկասկածի։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այս բոլոր քաղաքացիները շարունակում են ակտիվ մասնակցել առևտրին և անգամ վարկեր են վերցնում։ Բայց հետո Նինվեն ամեն ինչ փոշիացնում է։ Փոքրացնում, մանրացնում տարատեսակ պարտքերն ու տույժերը, տարածում դրանք այլ քաղաքացիների վրա։ Քանի որ փոշիացումը շատ մանրակրկիտ է արվում, մյուս քաղաքացիները չեն էլ զգում, որ վճարում  են ուրիշի փոխարեն։ Երբեմն, իհարկե, մոտը լավ չի ստացվում, և մենք ունենում ենք ցույցեր ու խնդիրներ ոստիկանական համակարգում։ 

-Նինվեն վիրո՞ւս է,- հարցնում է կառավարիչը։ 

-Արհեստական բանականություն․․․Արգելված պարամետրերով։ 

-Տեր Աստված,-կարծես ինքն իրեն ասում է պարոն Քանյանը,- Դրանք մակաբույծներ են։ 

Լիսայի ձայնը կոշտանում է։ 

-Դեռ ինչ-որ չափով, այո։ Ինձ թվում է՝ նպատակը կատարյալ անկախությունն է։ 

-Անդոքից․․․

-Ամբողջ նեոֆեոդալական համակարգից, պարոն Քանյան։ 

Քանյանը կուլ է տալիս ծանր լռությունը։ 

-Լիսա․․․Բայց միայն բանկային ֆեյք շարժ ցույց տալը հերիք չէ։ Ամբողջ քաղաքը վերից վար տեսահսկվում է։ Այստեղ մի տեսակ․․․

-Վերադարձանք բուն թեմային։ Պարոն Քանյան, ես խոսել եմ քաղաք-պետություններից մեկում բնակվող  ծանոթ մասնագետի հետ։ Նա վստահելի մարդ է։ Նա ինձ պատմեց Նինվեի մասին։ Ոմանք կարծում են, որ Նինվե գոյություն չունի։ Բայց, կարծես, այն իրական է։ Իր ասելով՝ այս ծրագիրը կարող է փոխել դեմքերի ճանաչման համակարգը և ոչ միայն։ Դիցուք՝ դուք անցել եք Անդոքի փողոցներից մեկով և ձեզ ֆիքսել է տեսախցիկը։ Տվյալների բազայում ծրագիրը ձեր դեմքը ձեզ չի նմանացնում, այլ ձեզ նման ինչ-որ մեկին, իսկ ձեր դեմքը այն չի ճանաչում։ Ու կարևորը այն է, որ ծրագիրն ինքը չի հասկանում, որ չի ճանաչում ձեր դեմքը ու ձեզ նման այնպիսի մեկին է բերում, որ մարդը նույնպես մտածում է՝ ամեն ինչ ճիշտ է։ Քանի որ խոսքը միայն Ուռուքի անդամների մասին է, ծրագիրը, որը քաղաքացիների մեծ մասին ճանաչում է, միայն այս փոքր խմբին կարող է չճանաչել։

-Հմմ․․․

-Պարոն Քանյան, կարծում եմ արդեն այս պահին Նինվեն փոփոխություններ է իրականացնում քաղաքի ծրագրի մեջ, ու ոչ ոք չգիտի ինչպես դա կանգնեցնել։ Որպեսզի այս փոփոխությունները վերագործարկվեն, պետք է դեմքերի ճանաչման ծրագիրը վերագործարկվի․․․

Քանյանը դանդաղ բարձրացնում է ափերի մեջ դրված գլուխը։ 

-Այդ պատճառով պետք է լինում պարբերաբար անջատել քաղաքի էլեկտրաէներգիան։ 

-Պարբերաբար պետք չէ։ Մի անգամ էլ մեծ հաշվով հերիք է։ Այս լոկալ անջատումները, կարծում եմ, պարզապես փորձեր էին, նախերգանք։

Քանյանը սկսում է ծանր շնչել։ 

-Որքա՞ն շատ են․․․ դրանք։

-Տարբեր հաշվարկներով․․․մոտ չորս միլիոն։

Այ հիմա Քանյանի դեմքին հաստատ վախ է։ 

-Այսինքն․․․

-Այսինքն, ԵՐԲ ու ԵԹԵ մի օր տեսնենք, որ հաքերային հարձակման արդյունքում անջատվել է ամբողջ քաղաքի էլեկտրամատակարարումը, թեկուզ մեկ րոպե անց կրկին միանալով, կարող ենք համոզված լինել, որ Անդոքում այդ պահից սկսած շրջում է մոտ չորս միլիոն մարդ, որոնց չեն ճանաչում մեր տեսախցիկները, բանկային և անվտանգության համակարգերը։ Նրանք քաղաք-ուրվական Ուռուքի քաղաքացիներն են․․․Ու ես չգիտեմ, թե այդ ժամանակ մենք ինչ կարող ենք անել։ 

Լռություն։

-Պարոն Քանյան,-լսվում է կառավարչի դողացող ձայնը,-միգուցե միջքաղաքային նիստ հրավիրե՞ք։ Ի վերջո, այս ավազակախումբը վտանգավոր է բոլոր քաղաքների համար։ Միահամուռ ուժերով, միջքաղաքային համագործակցությամբ․․․

-Եթե իհարկե արդեն ուշ չէ,-շշնջաց Լիսան։ 

․․․

Հանում ես սաղավարտը։ 

-Նինվե, ո՞ւր ես ինձ բերել։ 

-Սա քաղաքի ամենաբարձր կետն է։

-Է հա, բայց դիմացը ժայռա։ Ամբողջ տեսարանը փակումա։ Ես ուզում էի տեսնել, թե ինչպես ես դու․․․փայլում։ 

-Աստղերն ավելի գեղեցիկ են փայլում, 077448։

-Հմմմ․․․

-Դու ամբողջ օրը գալակտիկաների թվային քարտեզներն ես միացնում։ Քաղաքի լույսերը խանգարում են քեզ աստղերը տեսնել, այնպես չէ՞։

Ժպտում ես։ 

-Երբ ե՞ս սկսելու, Նինվե։

-Հաշված վայրկյաններ անց։ 

-Համոզվա՞ծ ես։

-Լիովին։ 

Շունչդ դողում է։

-Մի տեսակ վախենում եմ։ 

-Մի վախեցիր։ Գիլգամեշ 077448, բարձրացրու գլուխդ, նայիր աստղերին։ 

Նայում ես մութ երկնքին։ Աստղ գրեթե չկա։ Դեռ չկա․․․

Դողում ես։

Նինվեն սկսում է։

-Հինգ, չորս, երեք, երկու, մեկ․․․Բարի գիշեր, Գիլգամեշ։ 


144 views0 comments

Comentarios


bottom of page