Գլուխ 1
Աստղերը սառն էին և անտարբեր
Անդադար թրթռացող կարմիր կետը ասես հիպնոտիկ ուժ ուներ. Կապիտանը արդեն մի քանի րոպե շշմած նայում էր վիրտէկրանին¹, մոռանալով թարթել։ Ծանուցման անդուր ձայնը նրան հանկարծակիի բերեց՝ արդեն հույսը կտրել էր, որ մինչև ճաշի ժամը իր նավի հերթը կհասնի։ «Յուպիտեր 2.0»²-ի գլխավոր կայարանը Ծիր Կաթինում ամենամեծն էր, սակայն հանրությանը ավելի հայտնի էր որպես ամենադանդաղ սպասարկողը։
Կառավարման վահանակին մատների թեթև հպումով կապիտանը ուղարկեց նավը լցակայան, ևս մեկ անգամ զղջալով, որ նախորդ կայարանում չէր լիցքավորել նավը պլուտոնիումի կրկնակի չափաբաժնով: Սակայն ի՞նչ կարևոր է. մեկ է, շուտով պետք է հանձնի «Մթնշաղ»-ը։ Կապիտանի հավատը չէր գալիս, որ այդքան ժամանակ շահագործել է այս հինավուրց տաշտը։ Ախր ծուռ հայացքն էլ հերիք է, որ քանդվի իրարից։ Ոչինչ, քիչ մնաց: Տարվա վերջին առաջադրանքը կատարելուց հետո կհանձնի հինը և կընտրի նորը՝ վերջին սերնդի սլացիկ Արծաթագույնների շարքից: Վերջիվերջո, դա Կենտրոնի խոստումն էր:
Առաջադրանքը... Կապիտանը անդադար մտածում էր դրա մասին: Առաջին մոլորակը չէ, որ պետք է «քուն» ուղարկվեր նրա կողմից, առաջին տարին չէ, որ ստանձնել է Ինկվիզիտորի պաշտոնը: Սակայն այս անգամ ամեն ինչ քիչ տարբեր էր: Եվ հարցը այն չէր, որ «անջատման» ենթակա մոլորակը համարվում էր կյանքի բնօրրան: Ոչ: Կապիտանը երբեք ոչ մի զգացմունք չէր տածել ոչ մի մոլորակի նկատմամբ, ինչպես և վերջին մի քանի սերունդների ներկայացուցիչների մեծ մասը՝ ծնված և մեծացած արհեստական մոդուլներում:
Ճանապարհորդելուց Կապիտանը շատ էր լսել արմատների, կապերի և հայրենասիրության մասին, բայց այդ ամենին վերաբերվում էր տարանջատված և թերահավատորեն։ Նոստալգիան և Անեմոյան³ նրա համար դատարկ բառեր էին: Երբևիցե նման զգացմունք չի ունեցել։ Ի՞նչ կապ ունի, թե որտեղ է մարդ ծնվել: Բոլոր մոդուլները իրար նման են:
«Եթե ամեն ինչ իրոք այդպես է, ապա ինչու՞», - Կապիտանը առաջին անգամ չէր, որ տալիս էր ինքն իրեն այդ հարցը: «Ինչու՞ չեն հեռանում»: Նրա մտքերը խանգարեց նավի թեթև դղրդոցը՝ այն բարեհաջող կցվեց լցակայանին:
Մինչ նավից հեռանալը, Կապիտանը հայացք նետեց կառավարման սենյակի դիմապակուց դուրս տարածված անվերջ մթին։ Աստղերը սառն էին և անտարբեր։
Գլուխ 2
«Տիեզերքի հավաքարարը»
Լցակայանի ճաշարան մտնելուց շատերի մոտ առաջանում էր տագնապի զգացում՝ չնայած մարդկանց մեծ քանակության, սրահում տիրում էր կատարյալ լռություն: Պատճառը սեղանների միջև տեղակայված ձայնակլանիչ բաժանիչներն էին:
Կապիտանը հարգում և գնահատում էր անձնական տարածքի անձեռնմխելիությունը, սակայն ու՞մ է պետք, եթե ազատ սեղաններ չկան: Նրան հաջողվեց գրավել վերջին ազատ մնացած տեղը ծայրամասային սեղանի մոտ: Պատվերի վիրտէկրանը անմիջապես ակտիվացավ, թույլ տալով Կապիտանին ընտրել «Չորս օղակ» անունը կրող լանչի հավաքածու համար 4-ը:
- Բա իմացա՞ք, - մի պահ կտրվելով սրճանման խմիչքից, ինտերլինգվայով⁴ սկսեց կարմիր կոմբինեզոնով սեղանակիցը, - «Տիեզերքի հավաքարարը» հիմա էլ Երկրով է զբաղվելու:
Սեղանի տարբեր մասերից բացականչություններ լսվեցին.
- Ինչպե՞ս թե…
- Չեմ հավատում…
- Մեր բնօրրանը…
- Մի՞թե չի կարելի ոչինչ անել…
- Ոչ, - Կարմիր Կոմբինեզոնը ֆռթցրեց խմիչքը, - հրամանը հաստատվել է Կենտրոնի կողմից:
Կենտրոնի անունը ասես ձայնակլանիչ էկրան լիներ՝ ամեն ձայն սեղանի շուրջ անմիջապես լռեց: Միայն Կապիտանի պատվերը իջեցնող ռոբոտային ձեռքը հոգնած ճռռաց, հետ բարձրանալով առաստաղ:
Ասում էին, որ Կենտրոնը դիտավորյալ Ինկվիզիտորների էր նշանակում կարեկցանքի զգացմունքից զուրկ, անսասան մարդկանց: Ինկվիզիտորի այցելության մասին լուրերը կրում էին անխուսափելիության սահմռկեցուցիչ զգացում՝ նրան առաջադրված մոլորակները դատապարտված են:
- Զզվում եմ այդ անխիղճ արարածներից, - թքեց Ծառայողական Սպիտակ Կոմբինեզոնը հին լեզուներից մեկով, հեռանալով սեղանի մոտից: Ռոբոտային ձեռքը տխուր ճռռոցով իջավ առաստաղից՝ պատվերի մնացորդները սեղանից հավաքելու:
Կապիտանը իրեն չէր համարում անխիղճ: Լքված մոլորակները միայն տեղ են զբաղեցնում տիեզերքում: Կենտրոնը հրաժարվել էր նրանց «կյանքի հետ բերելու» փորձերից: Հեգնական մականունները նրան նույնպես չէին անհանգստացնում. «Երկնային դատավոր», «Տիեզերքի հավաքարար», «Մոլորակների դահիճ», ինչ ասես, որ չէր լսել իր հասցեին: Նա բարեխղճորեն կատարում էր իր աշխատանքը՝ ոչնչացնում էր մոլորակներ, որոնցից բոլորը հրաժարվել են, ազատելով տարածք և ապահովելով էներգիա կյանքի համար բավարար պայմաններ առաջարկող «արհեստական մոլորակի» սինթեզի համար:
Մինչ Կենտրոնի դատավճիռն ի կատար բերելը Ինկվիզիտորը պարտավոր էր ուսումնասիրել մոլորակը: Ըստ հետաքննության արդյունքների նա ուներ իշխանություն պահանջելու մոլորակի համար ևս մեկ հնարավորություն: Դա էր տարբերում Ինկվիզիտորին հասարակ Կատարողից և հենց դա էր Ինկվիզիտորների նկատմամբ ատելության պատճառը. դեռ ոչ մի Ինկվիզիտոր մոլորակ չէր խնայել:
Գլուխ 3
0,0001 տոկոսը
Միայն Երկրագնդի համար ընդհանուր հաշվով մշակվել էր «վերակենդանացման» յոթ ծրագիր, մեկը մյուսից խոստումնալից քայլերով: Արդեն երրորդ ծրագիրը իրականացնելիս պարզ դարձավ, որ նպատակը երբեք չի արդարացնի ծախսված ռեսուրսները: Մոլորակի բնակչության 99,9999 տոկոսը լքել էր մոլորակը մինչև առաջին ծրագրի իրականացման սկիզբ: 0,0001 տոկոսը համառ շարունակում էր գոյատևել մի մոլորակի վրա, որից հրաժարվեց ողջ Տիեզերքը:
Կապիտանի անհանգստության պատճառն այդ 0,0001-ն էր։ Ծիր Կաթինի տարբեր անկյուններում կային մարդիկ, որոնք տեղյակ չէին Երկրի ոչնչացման ծրագրի մասին կամ պարզապես անտարբեր էին։ Սակայն Կենտրոնը, համաձայն իր իսկ սահմանած տեղեկատվության մասին օրենքի, հոգացել էր այն մասին, որ բոլոր երկրացիները՝ անկախ իրենց գտնվելու վայրից, իմանան Երկրի դատավճռի մասին: Տեղացիները ամեն օր ստանում էին էվակուացիաի առաջարկներ անհատների և կազմակերպությունների կողմից, սակայն մերժում էին: Բնակավայրերի ծայրամասերում միայնակ դարսված էվակուացիոն կապսուլները՝ տրամադրված Կենտրոնի կողմից, ասես դագաղներ լինեին: Կենտրոնը չէր կարող մարդկանց բռնի ուժով էվակուացնել ըստ ազատության մասին օրենքի, ինչպես և չէր կարող փրկել իրենց կամքին հակառակ՝ կրկին իր իսկ ընդունած կյանքի և մահվան մասին օրենքի հիման վրա:
Կապիտանը չէր հասկանում մարդկանց, որ մինչև վերջ չէին լքում ոչնչացվելու դատապարտված մոլորակը: Իր ողջ կարիերայի ընթացքում սա առաջին դեպքն էր, որ էվակուացիաից հրաժարվող մարդիկ թատրոն չէին սարքում իրենց մոլորակը լքելու փաստը, փորձելով Կենտրոնից ավելի մեծ փոխհատուցում ստանալ: Նրանք ասես ընդունել էին մահվան անդառնալիությունը և ուզում էին կիսել իրենց մոլորակի վերջին ակնթարթները:
«Ի՞նչ իմաստ կա կառչելու էկոլոգիական աղետ հանդիսացող, փրկության հույս չունեցող հողի կտորին», - Կապիտանը անընդհատ կրկնում այդ անվերջ «ինչու»-ները, այս ու այն կողմ պտտեցնելով Երկնագույն Մոլորակի հոլոգրաֆիան⁵: Նա մտածեց, որ դժվար թե դեռ կարելի է Երկիրը կոչել «երկնագույն»՝ ջրային մակերեսների 99 տոկոսը ցամաքել է: Ըստ նրա հետազոտությունների՝ հենց այդտեղից սկսվեց Երկրագնդի գոյության հետհաշվարկը: Մի՞թե մարդիկ չէին հասկանում, որ Գալակտիկայի ուսումնասիրությանը և արհեստական մոլորակների բնակեցմանը նախապատվություն տալով կամաց-կամաց ոչնչացրեցին իրենց պաշտելի բնօրրանը: Մի՞թե չէին կարող չհասցնել մոլորակը այն վիճակի, որ պետք լինի մշակել փրկության ծրագրեր: Արհեստական բանականությամբ օժտված կառավարման համակարգը չէր կարող պատասխանել Կապիտանի հարցերին. նավը ստանձնելու առաջին իսկ օրը ապաակտիվացրել էր:
Կապիտանը համարում էր, որ չի կարելի միայն թվային տվյալների հիման վրա որոշում կայացնել կյանքի և մահվան մասին, մինչդեռ որոշ Ինկվիզիտորներ նույնիսկ չէին ցանկանում մտածել ոչնչացման ենթակա մոլորակի վրա ոտք դնելու մասին: Մատների թեթև շարժումով ցրելով մոլորակի հոլոգրաֆիկ պատկերը` Կապիտանը հայացքը հառեց կառավարման վահանակին: Ժամանակն էր այցելել քննվող մոլորակը:
Գլուխ 4
Անսպասելի վայրէջք
Հայաստա՞ն: Իհարկե, Կապիտանը չէր կարող չիմանալ այդ հինավուրց երկրի և նրա բնակիչների պատմության մասին` Երկիր մոլորակի հին քաղաքակրթություններից մեկն էր: Սակայն նա պատկերացում չուներ, որ իր նավը կորոշի իր վերջին վայրէջքը հենց այդ երկրի տարածքում կատարել:
Կապիտանը ապարդյուն էր փորձում գոնե մի բան նշմարել դիմապակուց դուրս նայելով՝ գորշ, խիտ մշուշը պատել էր տարածքը: Նավի լուսարձակները անզոր էին ցրել այն: Մնում էր միայն մեկ տարբերակ՝ հագնել պաշտպանիչ կոմբինեզոնը և ուսումնասիրել տարածքը էխոլոկացիոն վիզորի⁶ միջոցով: Նույնը արել էր Սաքսոնական Շվեյցարիայում՝ ժամանակին Երկրի ամենագեղեցիկ վայրերից մեկում: Ցավոք, վեհափառ Էլբայի ավազաքարային լեռներից բան չէր մնացել: Ինչպես և Տյանցզի լեռներից, Յոսեմիթե ազգային պարկից, Այծքաղների կիրճից և Երկրային բնության այլ հրաշքներից: Ձեռակերտ գլուխգործոցների մասին խոսք չէր գնում՝ դրանք հողին էին հավասարվել Երկրի փրկության դեռ առաջին ծրագրի ժամանակ։ Իհարկե, ՅՈՒՆԵՍԿՈՆ արդեն բոլորի կրկնօրինակները սինթեզել էր հատուկ հատկացված արհեստական մոլորակի վրա։ Փաստացի, Գալակտիկայի համար Երկիրը այլևս արժեք չուներ։ Բայց ոչ 0.0001 տոկոսի համար։
Կապիտանը չէր հասցրել անգամ երկու քայլ դնել նավից դուրս, երբ սաղավարտի ներքին կապին զանգ եկավ: Հավերժություն թվացող մի քանի վայրկյան Կապիտանը չգիտեր ինչ անել: Հաշվի առնելով, որ Կենտրոնի հետ կապը անջատել էր, որպեսզի աշխատի առանց շեղվելու, ապա… զանգը կարող էր լինել միան Երկրից: Կապիտանը երկու անգամ ցուցամատով կպավ սաղավարտին, ընդունելով զանգը:
- Ի՞նչ էս այստեղ կորցրել, ճամփորդ, - ինտերլինգվայով հարցրեց անծանոթը, բաց թողնելով ձևականությունները: - Մի՞թե չգիտես, որ ցանկացած պահի Ինկվիզիտորը կարող է ոչնչացնել մոլորակը:
- Ինպե՞ս թե, - Կապիտանը փորձեց զարմացած երանգ փոխանցել ձայնին: - Դահիճը արդեն կայացրե՞լ է իր որոշումը:
- Կենտրոնը կայացրել է իր որոշումը, - քմծիծաղ տվեց անհայտ զրուցակիցը: - Չեմ մտածում, որ Ինկվիզիտորի որոշումը կտարբերվի:
- Այդ դեպքում ինչու՞ եք դեռ այստեղ, - հարցը պոկվեց Կապիտանի շուրթերից ավելի արագ, քան հասցրեց գիտակցել այդ փաստը:
- Վաղուց եմ էվակուացիաից հրաժարվել, - առանց տարակուսանքի պատասխանեց երկրացին: - Կլինի դա վերջին մայրամուտ, թե լուսաբաց՝ այստեղ եմ ուզում դիմավորել: Դու քո ճարը տես, տղաս:
Կապիտանը չպատասխանեց: Նա հանկարծ հասկացավ, որ մինչև հիմա չի հիմնավորել Երկիր գալու պատճառը:
- Նավը ճանապարհին մի փոքր դողում էր, կանգնեցի քվանտային մարման համակարգը⁷ ստուգեմ, - ասաց Կապիտանը:
- Սպասիր, հիմա կգամ, - հնչաց սաղավարտի մեջ, և կապը ավարտվեց:
Գլուխ 5
Արևի երկիր
Կապիտանը չէր հավատում աչքերին: Ահա նա՝ մարդ, որ կարող էր պատասխանել իրեն տանջող բոլոր հարցերին: Բայց հանկարծակի բոլոր հարցերը կորցրեցին իրենց կարևորությունը: Մարդ, որ հրաժարվել էր կյանքից, փորձում էր արագ վերանորոգել անծանոթի նավը, որպեսզի նա հասցնի լքել դատապարտված մոլորակը:
- Հնարավորինս կարգավորեցի, - ասաց երկրացին, փակելով մարման համակարգի միացումների պանելը: - Պետք է որ հանգիստ հասնես մոտակա մոլորակ:
- Շնորհակալ եմ, - ջանք գործադրելով պատասխանեց Կապիտանը:
- Ինչ է անունդ, - հարցրեց երկրացին՝ հանկարծակիի բերելով Կապիտանին: Ե՞րբ էին վերջին անգամ նրան անունով դիմել։ Այն օրը, երբ ստանձնեց Ինկվիզիտորի պարտականություննե՞րը:
- Վահագն, - վերջապես պատասխանեց նա: Սաղավարտում ծիծաղ լսվեց:
- Գիտե՞ս, որ անունդ հայկական է: Հին հայկական Արևի աստծո անունն է։
- Լսել եմ նման մի բանի մասին։ Բայց ինչու՞ եք այդքան տարված արևով: Ընդամենը աստղ է: Մնացածի նման հասարակ, սառը աստղ:
- Մնածացի նմա՞ն: Սա՞ռը, - ըստ ձայնի երանգների կարել էր դատել, որ երկրացին ապշել էր։ - Հեչ մայրամուտ տեսե՞լ ես:
- Իհարկե, - չհապաղեց Կապիտանը:
- Իսկական մայրամուտ, - ասես զրուցակցին խղճալով բացատրեց երկրացին, - արհեստական մոլորակների լապտերների լույսը մի խառնի մեր արևի լույսի հետ։
Կապիտանը չպատասխանեց:
- Եթե չես վախենում ավելի երկար մնալ անհույս մոլորակի վրա, ես քեզ ցույց կտամ տիեզերքի ամենագեղեցիկ մայրամուտը։
***
Ճանապարհը մոտիկ չէր։ Մեծ մասը հաղթահարեցին երկրացու գրավիկապսուլայով⁸ և ահագին տեղ էլ ստիպված էին ոտքով բարձրանալ, քանի որ այդ տրանսպորտը հարմար էր միայն հարթ տարածքներում օգտագործման համար: Բարեբախտաբար, գորշ մառախուղը մնացել էր հեռու ներքևում, չխանգարելով երկու ճամփորդներին հասնել նշանակետին:
- Հասանք, - հայտարարեց երկրացին: Այնուհետև, հանելով սաղավարտը՝ նստեց քարին: Տեսնելով Կապիտանի ապշածությունը, նա պարզաբանեց՝
- Այս ժամին օդը այստեղ մաքուր է։ Մոտ մի ժամ կարող ես հանգիստ շնչել։
Կապիտանը սեղմեց սաղավարտի ապակու բացման կոճակը։ Անվտանգության համակարգի անդուր ծվծվոցը չմիացավ, իսկ ապակին անխափան բացվեց։
- Իրոք որ, վտանգ չի ներկայացնում, - ասաց Կապիտանը և նույնպես հանեց սաղավարտը:
Գլուխ 6
Աստղը
Վերջին օրերի հոգնածությունը կամաց-կամաց սկսեց իր գործը անել՝ նստած տեղում Կապիտանի ծանրացած գլուխը արդեն կախվել էր: Հանկարծ երկրացին ձեռքով թփթփացրեց նրա ուսին։ Կապիտանը բարձրացրեց գլուխը…
Գորշ մշուշից հետք չէր մնացել՝ աշխարհը դարձել էր գույն: Մեկը մյուսին փոխարինելով, ալ կարմիրը, վարդագույնը, մանուշակագույնը և երկնագույնը ասես պար էին կապել ծիրանագույն աստղի շուրջ, որ գնալով շիկանում էր: Այնտեղ, որտեղ հասնում էին արևի շողերը, ամպերի վերին շերտը ասես քաղցր բամբակ լիներ՝ թաթախված կարմիր ջրաներկի մեջ:
Կյանքում առաջին անգամ կապիտանը ջերմություն զգաց ոչ մոդուլի ջերմամատակարարման կամ կոմբինեզոնի ջերմակարգավորման համակարգից։ Մայրամուտի կրակի մեջ այրվող արեգակնային սկավառակը սկսեց սուզվել երկու անհավասար սարերի արանքը, իր վերջին շողերով շոյելով Կապիտանի դեմքը: Պարզվեց, որ աստղի լույսը կարող է ջերմ լինել, այնքան ջերմ, որ աչքերը խոնավանում են, սիրտը գժի նման բաբախում, իսկ թոքերը՝ ցավալի լայնանում, ասես փորձելով իրենց մեջ ներքաշել ողջ տեսանելի գեղեցկությունը: Աստղը ջերմ էր։ Չափից դուրս ջերմ։ Մի՞թե սա հնարավոր է։ Գուցե երկրացին նրան խաբե՞լ է իսկ կոմբինեզոնի անվտանգության համակարգը անսարք է և օդի մեջ խառնված թունավոր գազերի ազդեցության ներքո տարօրինակ բաներ է տեսնում և զգում։ Աշխարհը դանդաղ գունաթափվեց:
- Վահագն:
Կապիտանը ցնցվեց իր անունը լսելով:
- Հեռանալու ժամանակն է, - թույլ ժպիտով ասաց երկրացին և հագավ սաղավարտը: Վահագնը շտապեց հետևել նրա օրինակին:
- Ես կարող եմ ձեզ տանել, - ասաց նա սաղավարտի ներքին կապով:
- Վահագն…
- Հայաստանը շատ տարածքներ ունի տարբեր մոլորակների վրա: Կենտրոնը կհատկացնի ձեզ…
- Վահագն, - հայերենով ընդհատեց նրան երկրացին, այնուհետև ինտերլինգվայով շարունակեց, - իմ տեղը այստեղ է: Ես գիտեմ, որ լավ մտադրություններով ես ասում, բայց… Մենք բոլորս մեր որոշումը կայացրել ենք:
***
«Ֆոբոս 2.0» արհեստական արբանյակի վրա վայրէջքը անցավ առանց խափանման: Կառավարման սենյակում նստած, Կապիտանը երկար նայում էր վիրտէկրանի վրա լուսավորված օգտատիրոջ անվանը: Հասկանալով, որ այլևս անիմաստ է ժամանակը ձգել, նա մատով կպավ անվան կողքի զանգի նշանին.
- Կենտրոնը լսում է «Մթնշաղ»-ին, - միաժամանակ հնչաց ասես հազարավոր մարդկանց ձայնը՝ իրականում սինթեզված ծրագրի կողմից: - Զեկուցի՛ր:
- Հետազոտությունն ավարտված է, - ասաց Կապիտանը:
- Պատրա՞ստ ես ի կատար բերել դատավճիռը, - հարցրեց ցանկացած զգացմունքից զուրկ ձայնը:
- Այլ լուծում չկա՞, - հարցով հարցին պատասխանեց Կապիտանը:
- Տարակուսու՞մ ես: Դու՞:
Տարակուսա՞նք: Կապիտանը չգիտեր ինչպես էին կոչվում այս անծանոթ զգացմունքները որ երկաթե բռունցքի նման սեղմում էին նրա ներքին օրգանները: Ձեռքի շարժումով ցրելով վիրտէկրանը, նա ավարտեց զանգը:
Մինչ նավից հեռանալը, Ինկվիզիտորը հայացք նետեց կառավարման սենյակի դիմապակուց դուրս տարածված անվերջ մթին։ Աստղերը սառն էին և անտարբեր։
Վերջ
ՆՇՈՒՄՆԵՐ
1. Վիրտէկրան՝ հոլոգրաֆիկ պրոյեկտորի միջոցով աշխատող վիրտուալ էկրան:
2. Յուպիտեր 2.0 - Յուպիտեր մոլորակի տեղում սինթեզված արհեստական մոլորակ:
3. Անեմոյա (Anemoia) - Նոստալգիա մի ժամանակի կամ տեղի հանդեպ, որը մարդ երբեք չի իմացել:
4. Ինտերլինգվա - գալակտիկայի պաշտոնական լեզու սինթեզված Կենտրոնի կողմից
5. Հոլոգրաֆիա - հոլոգրաֆիկ պրոյեկտորի միջոցով աշխատող հոլոգրաֆիկ եռաչափ պատկեր:
6. Էխոլոկացիոն վիզոր - արտացոլված ձայնային ալիքները վիզուալ պատկերի ձևափոխող սարք, ներկառուցված հատուկ սաղավարտի մեջ:
7. Քվանտային մարման համակարգ - պատասխանատու է տիեզերական նավի՝ մոլորակից մոլորակ թռիչքի ժամանակ առաջացող վիբրացիաի մարման համար: Դեստաբիլիզացված նավը լավագույն դեպքում կարող է շպրտվել առաջին պատահած մոտիկ մոլորակ:
8. Գրավիկապսուլա - մոլորակային տրանսպորտի տեսակ, որի տեխնոլոգիան հիմնված է մագնիսական դաշտերի և հատակի ծածկույթում պղնձի մասնիկների փոխազդեցության վրա:
Comments