Արևի շողը պատուհանից ներս էր ընկել։ Փոշեհատիկները, միմյանց հերթ չտալով, պարում էին շողքում։ Մերկ ոտնաթաթը դրեց տախտակե հատակին․ բեմը սպասում էր։ Մոտեցավ արևաշողքին, ներսում ներկայացում էր։ Հետո մերկ ոտքերը քայլեցին մակերևույթով։ Ամենօրյա կրկնվող վարժություններից մարմնի զգայունությունը բացարձակ էր։ Էներգետիկ կուտակումները, որոնք բերել էր բեմ, մարդկային կերպարանքներ էին ստացել, շարժվում էին շուրջը։ Նրանց հետ պարում էր, խոսում․․․
Ափը պարզեց, շոշափեց օդը, հետո հավաքեց, շաղախեց ու գնդեց։ Ափից բաց թողեց հրե գունդը, որ հրվեց, տեղավորվեց մյուս ափում։ Տաք էր։
Պտտվեց սեփական առանցքի շուրջը, հրե գունդը նույնպես։ Ու տարածվեց․․․ Տեսանելի խաղ էր, անտեսանելիի արթնացում։
-Տեքստը խառնիր շարժմանը,- դահլիճից ուղղորդեց ռեժիսորը։
Նա որոշել էր փորձարկել Գրատովսկու մեթոդը*։ Դերասանները չէին դիմանում լարմանը։
Անին մենակ էր։ Մտքում կրկնեց Պառավի տեքստը․
Ծածկագիր՝ «-Ախ, Դավի՛թ, գրո՛ղը քեզ տանի։ Ափսոս չէ՞, որ դու ես Առյուծ Մհերի որդին։ Բա էդիկ ձի՞ է, որ դու հեծել ես, բա էդիկ թո՞ւր է․․․»։
Փոխվում եմ՝ անցավ մտքով, թիկունքը կորացավ, դիմագծերը լարվեցին, երբեք չգիտեր՝ ի՞նչ է ծերությունը, մաշկին ծալքեր զգաց և տարօրինակ հոտ։ Հետաքրքիր է, ծերությունը հոտ ունի՞։ Ասում են՝ մանկությունը գարուն է բուրում, իսկ ծերությո՜ւնը․․․ ձմե՞ռ։
Սառնություն զգաց։ Մտքում պահեց այդ զգացումն ու ցուրտ ձմռան հիշողությունը։ Շուրջը պարուրող տաք եթերը սառեց․ ասես բոբիկ կանգնած էր ձյան վրա։
Ծածկագիր՝ «Դավիթ փետուրի պես վերցրեց հոր գուրզը, հեծավ Քուռկիկ Ջալալին, քաշեց Թուր Կեծակին, զարկեց․․․»։
Ծանր քայլերով առաջ գնաց։ Մարմինը զգաց ծանրության կենտրոնի ու երկրի ձգողության ուժը։ Ոտքերը մխրճվեցին։ Թվում էր՝ հսկա է։ Ի՞նչը փոխվեց։ Ինչպե՞ս փոխվեց։ Հարցերն ակնթարթային արագությամբ առկայծեցին ու պատասխան չգտնելով՝ ընդունեցին իրողությունը՝ այդպե՛ս պետք է լիներ։ Գուցե ներսում թաքնված ապրում էր հսկայի գենը․ արթնացնելու խթան էր հարկավոր։
Բեմի տախտակները դարձել էին փափուկ, բամբակե զանգված։ Ինքը հսկա էր ու թեթև, բայց խրվում էր, ձուլվում հատակին։ Բեմական տարածքն անհետացել, խառնվել էր ժամանակի ու տարածության անսահմանությանը։
Ծածկագիր՝ «1101-1173, Ներսես Շնորհալի»։
Ծնկեց։ Շուրջը խտացավ խավարը։ Անէությունից բարձրացան խոնավ ու մութ պատերը։ Դրսի թույլ լույսը ներս էր թափանցում նեղ պատուհանից։ Շնորհալին հառնել էր դարերի խորքից, բռնել ձեռքը և ուղեկցում էր հոգևոր թրթռումներում, որոնք սրսփացին մենակիկ ճրագով լուսավորվող, մրոտ պատերով նեղ մենախցում։
Չգիտեր ինչպես են խաչակնքում, բայց, երբ ծնկեց հոգևոր լույսով ողողված տարածության ներսում, մատները միացան և ինքնաբերաբար խաչակնքեցին։
-Ճի՛շտ ես խաչակնքում,- լսվեց ձայնը, որը եկավ ներս թափանցող լուսաշողից։
Ապա խտացավ, դարձավ հրե գունդ ու նստեց աթոռի թիկնակին։
Շարունակեց աղոթքը։ Երբ հայացքը դուրս եկավ մշուշից, աթոռի նստատեղից բարձր
ծալապատիկ նստած՝ իրեն էր նայում ճաղատ արարածը։
-Ես միայն որպես ծածկագիր ընդունեցի ժամանակաշրջանը,- բացատրեց Անին։
-Դու կարողացար ներս մտնել ժամանակի չափումներից, դու համադասվեցիր տարածության մեջ՝ ժամանակով,- վստահ բացատրեց Վազգենը։
-Անհասկանալի է, այդ ինչպե՞ս։ Ես միայն միտքը ծածկագիր ընդունեցի։
-Այո, միտքը՝ որպես ծածկագիր, դա էլ փոխում է գործողությունը։ Մարմնի բջիջները նոր հրաման են ստանում և գործում՝ ըստ հրամանի։ Շարժումներդ անկեղծ ու հարմոնիկ էին։ Ստացվեց։ Դու եթերային մարմին ես,- բացատրեց Վազգենը,- գտիր՝ ինչպե՞ս են բառն ու ձայնը ծնվում, արարվում բառի ձայնային միտքը, որը կլցնի բեմի դատարկ տարածությունը։ Իրականում դատարկ տարածություն գոյություն չունի, այնտեղ գուցե մարդու շունչն է։ Հարկավոր է մաքրել մարմինը ցածր նյութականից․ Թատրոնը ծիսական ակտ է, հղկման բարձրագույն աստիճան։
ՁԱՅՆԸ
Օրն իրիկնացել էր։
Ձայնն ինքնիրեն հռչակեց ինքնիշխան, տիրեց ուղեղում։ Այդ իշխանությունը բառերի տարափ էր։ Եվ որպեսզի սեփական ուղեղում ինքը լինի տեր, խոսող ձայնին տեղավորեց իրենից դուրս, լուսամփոփի վրա և․․․ ասաց՝ բարև։
-Բարև,- պատասխանեց Ձայնը։
Տարօրինակ ներկայացում էր՝ չգոյից գոյություն: Գործողությունն իրականում կար, բայց չէր երևում: Անին փոփոխությունն զգաց միանգամից: Գիրքը մի կողմ դրեց: Փորձեց տեսնել սեփական միտքը: Տարածությունը, որը պետք է տեսներ ներքին աչքերով, դատարկ էր: Կարդացածն ամբողջությամբ չկար: Ինչպե՞ս են տեսնում սեփական մտքերը: Ներսո՞ւմ էլ աչքեր կան։ Այդ պահին չկար ներքին պատը: Աչքերը փակեց: Լույսի արագությունը կոպերից ձգվեց դեպի տիեզերք: Ի՞նչ գործ ունեին աստղերն այդտեղ: Արագությունն այնքան մեծ էր, որ չհասցրեց մտածել, միայն հետևում էր: Բացեց կոպերը: Նույն դիրքում էր: Գիրքը սպասում էր: Հայացքը հառեց տառերին: Հիշողությունը չէր պահում կարդացածը: Հետաքրքիր է՝ հիշում էր, որ հիշողությունը չի պահում կարդացածը: Այդ դեպքում, այդ ո՞ր հիշողությունն էր հիշում կամ մտածում արագության մասին: Սենյակում տրոփում էր լռությունը: Դիմացի պատը լուսավորվել էր: Չմտածեց՝ ինչպես․․․ Գուցե պատուհանից էր լույսն ընկել: Բայց պատուհանն այդ դիրքում չէր:
Փակ աչքերով կոպերի տակ աստղերի խելացնոր շարժում․սլանում էր: Ո՞ր պատկերն էր առավել իրական․ ներքի՞ն, թե՞ արտաքին:
Անին փորձեց քնել։ Ուղեղը չէր անջատվում, չէր հանգստանում։ Բառերն ու մտքերը հոսում էին։ Անգամ չէր հասցնում հետևել նրանց ընթացքին։ Լուսավորված, փակ կոպերից ներս, շարժվում էր աստղերի ու մոլորակների միջև։ Շրջանցում էր բոլորին ու չէր ընդհարվում։ Այդ արագընթացում առանձնացավ օղակավոր մոլորակը։ Այն կանգ առավ, մոտեցավ հսկա չափսով, հետո միանգամից հայտնվեց դեմքը՝ մերթընդմերթ մոտենալով ու հեռանալով։ Կոպերը բացեց, դիմացի պատին շրջանաձև լույսը կար, քիչ անց՝ չքացավ։
Վազեց դեպի դուռը․փակ էր։ Կանգնեց։ Թիկունքին միջանցիկ քամին էր պարում: Լույսը խոսում էր: Բառերը հրամայում ու սիրում էին: Բարձր հնչող սիրո խոստովանություն: Միջանցիկ քամին իրեն տեր զգաց: Շոշափեց ականջը, ապա շշնջաց, ոտքերը գամվեցին հատակին: Քամին խոսում էր: Լույսը թառել էր պատուհանին․ լարի նման ձգվել հայացքից ու կոպերից ներս, ու խոսում էր: Լույսը խոսում էր: Շուրթերն արտաբերեցին այբուբենի տառերը․ հասկացավ, որ հիշողությունը հիշել գիտի` մոռացության խաղին հակառակ:
Երկար ժամանակ կանգնած մնաց։ Ուշքի եկավ, երբ պատուհանից տարածվում էր վաղորդայնի լույսը:
Քամին դադարեց խոսել: Լույսը, խառնվել էր առավոտին, չէր առանձնանում, բայց և չէր լռում:
Դուրս եկավ տանից։ Աշնան դեղնած փեշերին ձգվեցին փողոցները: Ամենուր թափված խաշամ․․․ Քամին խառնվել էր բառերին, աչքերին, մազերին: Իրենից դուրս կատարվող գործողություն էր, նայում էր, չէր խառնվում, բայց գլխավոր դերակատարն էր: Ներկայացումն սկսված էր: Առանց վարագույրների ու բեմահարթակի, բաց, տարածական: Բոլորը գործողության մեջ էին․ խոսում էին, սլանում, նայում, լռում: Գոյությունը սիրո թրթիռ էր` քարերից, տերևներից, մարդկանցից… շնչառության թրթիռ, որ ներկայացման ընթացքին խառնված, շնչում ու արտաշնչում էր… էր…էր… Արև էր, տաք:
Լույսի գիծը ձուլվել էր եկեղեցու գմբեթին ու զանգերի ղողանջին: Ծես էր։
ՏԵՍԻԼՔ
Թենը մոտեցավ սարքին։ Հայացքով տնտղեց կոճակները, որոնք գործեցին հայացքի ազդեցությունից։ Անջատվեցին, միացան, ավելացրին, պակասեցրին, սնուցեցին։
-Նա այսպես կապրի։
-Ինչպե՞ս,- սարսափած մտածեց Անին,- այսպե՞ս, այսինքն՝ անվերջ հնչող ձայնի հե՞տ։ Իսկ ոչի՞նչ, որ ձեզ լսում և տեսնում եմ։
Աչքերը փակ էին։ Սենյակը, ուր պառկած էր, լուսավորված էր կուրացուցիչ լույսով։ Կրկին մտածեց իր փակ աչքերի մասին։ Սենյակում շրջող արարածները լուսարձակների հանգույն շարժվում էին սարքից սարք։ Նրանք ձեռքով ոչ մի սարքի չէին դիպչում։
-Կարծես հասկանում է մեզ,- ասաց Էնը։
-Նկատեցի,- պատասխանեց Թենը։
-Որտե՞ղ եմ, ովքե՞ր եք, ո՞ր մոլորակի վրա եմ,- հարցրեց Անին։
Թենի հայացքը թեքվեց այնպես, ասես հեգնախառն ժպտում է։
Անին դա հասկացավ, առանց բառերի, և ընդունեց որպես պատասխան իր հարցին։
-Բայց աչքերս փակ են։ Քնա՞ծ եմ, երա՞զ է, բացեմ՝ կչքանա՞ք։
-Կչքանանք, բայց երազ չէ, իրական ենք։ Դու իսկապես տեսնում ես,- ասաց Թենը։
-Արթնացրինք գլխուղեղիդ քնած հատվածը։ Բացարձակ աշխատող ընդունիչ ունես,-ավելացրեց Էնը։
Թենը կրկին հեգնանքով ժպտաց, բառերը տարածվեցին նրա ճառագայթող գլխից։
«Մի՞թե բերան չունի»,- մտածեց Անին։
-Ինչո՞ւ չունեմ, ունե՛մ։ Ինչո՞ւ ես կարծում, որ բերանս պետք է քոնի նման լինի,- հանգիստ ասաց Թենը։
-Ես ոչինչ չասացի,- արդարացավ Անին,- միայն մտածեցի։
-Այո՛, միայն մտածեցիր, իսկ մենք լսեցինք։ Դու այլևս գաղտնիք չունես։ Այն, ինչ կասես կամ կմտածես՝ կլսենք ու կտեսնենք։ Կպատասխանենք, երբ կցանկանանք, կօգնենք, երբ կցանկանանք, կխանգարենք, կարգելենք և ուղղություն կտանք։
--Ես ռոբո՞տ եմ։
-Չէ՛, ինչո՞ւ ես այդպես մտածում,-ասաց Թենը։
-Դուք թելադրում եք ներսից։ Նստած եք չգիտեմ՝ որտեղ, իսկ ձայներդ հնչում են իմ ուղեղում։
-Եթե լավ ես հիշում, ասացի՝ մտածում ես։
-Ուրեմն մտածող ռոբոտ եմ,- հուսահատված ասաց Անին։
Առավոտյան լույսի հետ տեսիլքներն անհետացան։ Ձայնն ուղեղում խոսում էր․ ի՞նչ էր ասում՝ պարզ չէր, Անին դադարել էր հետևել բառերի ընթացքին, չէր հասցնում, դրանք փոխվում էին ակնթարթից էլ արագ։
-Կխելագարվեմ,- մտածեց Անին։
-Չես հասցնի,- մեջ ընկավ Ձայնը։
-Եթե չլռես, կհասցնեմ։
-Թույլ չե՛մ տա,- պատասխանեց Ձայնը։
-Ես բժշկի կգնամ ու կպարզեմ՝ ինչ է նշանակում այս ամենը։
-Հետդ կգամ, գնացի՛նք,- ասաց Ձայնը։
ԲԺՇԿԻ ՄՈՏ
Փոքր, մեկուսացված սենյակի կենտրոնում աթոռ էր դրված, պատերին ամրացված սարքերը լուսարձակում էին։ Նստեց։ Բժիշկը գլխի տարբեր կետերին կպչուկներով լարեր ամրացրեց, որոնք միանում էին սարքերին, ապա դուրս եկավ։
Անին մի քանի րոպե մնաց նստած․ սարքերը թրթռում էին, կտկտոց էր լսվում։ Հասկացավ, որ իր ուղեղի աշխատանքն է գրանցվում։
-Այստե՞ղ ես, չգնա՛ս, թող սարքը գրանցի քո գոյությունը,- պահանջեց Անին։
-Այստե՛ղ եմ, այստե՛ղ, կուզե՞ս երգեմ,- հեգնեց Ձայնը։
-Չէ՛, չե՛մ ուզում, ասա՝ ո՞վ ես, ինչո՞ւ ես ուղեղիս մեջ խոսում,- խնդրեց Անին։
-Հասկացա, հարցնում ես, որ ապահովես իմ ներկայությունը սարքի գրանցման քարտին։ Հետո էլ ասում ես՝ ռոբոտ ես, չես մտածում, դա էլ հո ե՞ս չսովորեցրի,- բողոքեց Ձայնը։
Անին ժպտաց։
Բժիշկը ներս մտավ, հեռացրեց կպչուկները, անջատեց սարքը։ Երբ գրասեղանի մոտ նստած լրացնում էր անձնական քարտը, Անին հարցրեց․
-Ամեն ինչ լա՞վ է։
-Այո՛,-պատասխանեց բժիշկը։
-Այդ դեպքում, ինչո՞ւ են տարօրինակ բաներ կատարվում։
-Ի՞նչն է տարօրինակ։
-Ասենք՝ ձայն եմ լսում և պատասխանում։
-Դե, բոլորս էլ երբեմն խոսում ենք ինքներս մեզ հետ,- ասաց բժիշկը։
-Ինքներս մեզ հե՞տ, բայց այդ ձայնն իմը չէ։
-Ուրեմն կարողանում ես խոսել տարբեր ձայներով։ Ի՞նչ է, վա՞տ է։
-Չգիտեմ, խանգարում է։ Գլուխս ցավում է։
-Ուրախացի՛ր, շատերը կերազեն, որ իրենց գլխուղեղի այդ հատվածը զարգացած լինի։ Քեզ մոտ ավելին է,- համոզեց բժիշկը։
-Չհասկացա, ի՞նչն է ավել։
-Գլխուղեղդ ունի հատված, որը բոլորի մոտ քնած, անգործունակ վիճակում է, իսկ քեզ մոտ այն գերզարգացած է։
Անին մտաբերեց գիշերվա տեսիլքներն ու նրանցից մեկի խոսքերը՝ «Արթնացրինք գլխուղեղիդ քնած հատվածը»։ Ուրեմն այն, ինչ տեսնում էր, իսկապես իրական էր։
-Հա՜, ուրախ եմ։ Ուրեմն, իմ ուղեղում հավելյալ մաս կա, որն անկախ է գործում, երբ ցանկանում, խոսում է, չի ցանկանում՝ լռում է։ Ցավեցնում ու գոռում է։ Ւնչո՞ւ։ Ո՞վ է իրավունք տվել, որ իմ գանգատուփում առանձնանա, գոռա, հրամայի, խոսի ու խոսի։ Տեր Աստված, այնքան էլ սիրում է շատախոսել։
-Կարող ենք ուղարկել հոգեբուժարան։
-Շնորհակալ եմ, հիվանդ չեմ,-վախեցավ Անին։
-Դո՛ւք գիտեք։
Հիվանդասենյակից դուրս եկավ, անորոշ մտքերով լի։
«Եվ ի՞նչ։ Սարքերը չկարողացան իմ գլխում խոսող ձայնը գրանցել։ Իսկ արդյո՞ք հնարավոր է։ Նրանք բացատրում են, որ ուղեղիս ինչ-որ հատված գերզարգացած է, լարված է աշխատում»,-մտածեց Անին։
-Ի՞նչն է զարմանալի։ Պարզ չէ՞՝ երկրային գիտությունը զարգացած չէ։ Չի կարողանում տեսնել ու լսել, գրանցել ալիքները, որոնք արձակում եմ,- խոսեց Ձայնը։
-Բա ի՞նչ անեմ։ Ինձ հանգիստ չես թողնում, բժիշկները չեն հասկանում, շրջապատիս մարդիկ տարօրինակ են համարում, դեռ լավ է՝ փրկվեցի, հոգեբուժարանի հիվանդ չդարձա, թե չէ՝ հիմա տարբեր դեղերով ինձ խոտ սարքած ու մի կողմ գցած կլինեին։
-Այդպես էլ պետք է լիներ։ Ո՞վ նորմալ կհամարի մեկին, որ ինքն իր հետ խոսում է, հարցեր տալիս, պատասխանում, կամ արդյո՞ք բնական է դիմացդ կանգնած մարդու ներքին օրգաններն առանց մաշկածածկույթի տեսնելը,- հեգնեց Ձայնը։
-Մեղավոր չեմ,- բարկացավ Անին,- արել ես ու պատճառներն ես բացատրում։ Գնա՛, հանգի՛ստ թող ուղեղս։
Լռություն տիրեց, ապա այնքան երկարեց, որ Անին մտածեց՝ գուցե հեռացա՞վ, վերջացավ տանջանքը։
-Աո՜ւ․․․
-․․․
-Ո՞ւր կորար։ Գնացի՞ր։ Ինչ լա՛վ է։ Գլուխս հանգիստ կլինի,- ուրախացավ Անին։
-Հարկավոր է դիմագրավել արտաքին․․․ ,- լսվեց ներսում։
-Ի՞նչ, այստե՞ղ ես, խաղում էիր, հա՞։ Ի՞նչ դիմագրավելու մասին ես խոսում։
-Բա ասում ես՝ հարկավոր չեմ,- ասաց Ձայնը։
․․․
Դահլիճում հավաքվել էին նրանք, ում հետաքրքրում էր անոմալ երևույթները։ Անին լսում էր, համեմատում վարկածներն իր հետ կատարվող երևույթի հետ, մտածում, ինչպե՞ս շարունակի ապրել։ Հանդիպումն ավարտվեց։ Տղամարդը ձողերով չափում էր կենսադաշտերը։ Մոտեցավ Անիին։
-Հանգիստ կանգնե՛ք։
Տղամարդը երկու մետր հեռավորությունից ուղղեց կիպ կպած ձողերը դեպի Անին։ Վայրկյան հետո ձողերի ծայրերը թեքվեցին 180 աստիճան դեպի աջ և ձախ, ու հակառակ կողմում դիպան միմյանց։
-Ձեր կենսադաշտն անսահման է։
Մի կին խնդրեց գուշակել նկարով։ Ձեռքը պահեց նկարին։ Ջերմություն զգաց։ Աչքերը փակեց, կոպերին տեսարաններ էին։ Պատմեց տեսածը։ Հետո հրվեց, անձայն հեռացավ։
-Ուզում եմ մարդ-ատոմ դառնալ, պաշտպանել Հայրենիքս։
Հիշեց․«Յոգը կարող է միայնակ պաշտպանել քաղաքը, մտքով վերացնել թշնամուն»։
Հավատում եմ մտքի ուժին։
ՏԵՍԻԼՔ
-Մոնթեից ստացած բջիջները տեղադրիր կենսառեակտորի մեջ։
Էնը մոտեցավ սարքին, որի ներսում էին Մոնթե Մելքոնյանից վերցված կենդանի բջիջները։ Ժամանակ էր անցել, բայց ջերմային ռեժիմի շնորհիվ, փոփոխություն չկար։ Պարունակում էր ներկա ժամանակը, որ կարևոր էր նույնական էակի ստացման համար։
-Տեղադրեցի։
-Կարգավորումները տուր, պետք է ստանանք միլիոնավոր բջիջներ։
-Չունենք ճշգրիտ քաշը։ Ինչպե՞ս են բաց թողել Մոնթեի քաշը գրանցելու պահը։
-Խնդիր չէ ։ Ունենք մարմնի յուրաքանչյուր կենսաբջջի գրավիտացիոն կետային կոորդինացիան։ Կօգնի եռաչափը կառուցելիս, կհաշվի քանակը։
Էնը կենսառեակտորը ծրագրավորեց Թենի ցուցումների համաձայն։ Հոգևոր բանկից ստացան տեղեկություններ Մոնթեի ծավալային կոորդինացիայի մասին, որը մուտքագրվեց կենսառեակտոր։ Էնի հայացքը կենտրոնացավ ցուցաէկրանին։ Թվերը փոխվում են, նշանակում է՝ կենսաբջիջները բազմանում են։ Պետք է հասնի մարդու օրգանիզմում ապրող կենսաբջիջների քանակին։
-Պատրաստ է։
Թենը միացրեց մայր մարմինը՝ լցված մածուցիկ-առաձգական լուծույթով, որը պետք է միավորի և պաշտպանիչ հանդիսանա կենսաբջիջների համար։ Կօգնի փոխկապակցվածությանն ու ամրացմանը։
-Բա՛ց թող։
Էնը սեղմեց կոճակը, կենսառեակտորի պարունակությունը լցվեց էլեկտրոնային համակարգի մայր մարմնի մեջ։ Թենը հայացքով կարգավորում էր խառնվող կենսաբջիջներն ու մածուցիկ-առաձգական լուծույթը։
Էնն ուղղորդեց լուսային ճառագայթը, չափավորեց հզորությունը։
Թենը մոտեցավ ծավալային կենսատպիչին, որը ծնվող մարմնի ամբողջական ձևավորողն էր։ Կենսատպիչի թվային լուսատախտակը փոխվեց հաջորդաբար։ Սարքի արգանդ համարվող հարթակին ծորում էր կենդանի բջջի ու մածուցիկ-առաձգական լուծույթի խառնուրդը, կառուցվում էր մարմնի եռաչափ ցանցը՝ լցվելով, լույսի ազդեցության տակ ամրանալով։ Քիչ անց ապակե գլանի մեջ կանգնած էր նա՝ Մոնթեն։
-Ահա՛, մարմինը պատրաստ է։ Ստուգիր կենսաբջիջների փոխկապակցված աշխատանքը։
-Ստուգեցի, գործում են անխափան։
-Լավ է։ Իսկ հիմա հարկավոր է Գիտակցության կենտրոնից ստանալ Մոնթեի հոգևոր էներգիան ու միտքը, կյանքի հիշողությունները։
Թենը հայացքով արթնացրեց Գիտակցական կենտրոնին միացող խողովակը։ Արձագանքն ակնթարթային էր։
Էնը լուսաէկրանի վրա հայացքով փոխեց ցուցումները, մեկն ուժեղ լուսարձակեց։
-Միացված է։ Կարող ենք մարմնին փոխանցել հոգևոր էներգիան՝ իր բոլոր հիշողություններով հանդերձ։
-Չմոռանաս հիշողությունից հանել կյանքի ամենավերջին պահը։ Նա չպետք է իմանա, որ իր մարմինը նոր կյանք է ստացել։
-Միևնույնն է՝ կիմանա։ Նրբանկատ եղիր, այնպես ներկայացրու, իբրև ոչ թե մահացել, այլ վիրավորվել է։
-Հուսով եմ՝ հարազատները դեմ չեն լինի, որ վերակենդանացրել ենք, և իրենց հետ այսպիսի կերպարով պիտի ապրի։
Անին բացեց աչքերը։ Շունչը կտրվում էր։ Հիշեց այն օրը, այն ցավը, երբ իմացավ Մոնթեի մահվան լուրը։
- Մի՞թե երազ չէ։ Մի՞թե իրականություն է։ Չէ՞ որ կարելի է ստեղծել հարյուրավոր այսպիսի ռոբոտ-կերպարներ և ծառայեցնել Հայրենիքի պաշտպանության գործին։
-Միանգամայն իրական է, և լիովին հնարավոր,- արձագանքեց Ձայնը ներսից։
Ծանոթագրություն՝
Եժի Գրատովսկի- լեհ թատերական ռեժիսոր, մանկարվարժ, թատերագետ․(1933-1999թթ․)։ Փորձարարական թատրոնի հիմնադիրներից մեկը։ Ըստ Գրատովսկու, դերասանը պետք է ծայրահեղ սրի սեփական ընդունակությունները, հրաժարվելով ինքն իրենից, վերածելով ներկայացումը յուրօրինակ ծեսի։
Comments