top of page
Search
Writer's picturefrunz8

#Աստղային_հորիզոն «Երազացանց», Հեղինակ՝ Սիմա Սեդրակյան



23։00

Կյանքիս ամենամեծ սարսափը՝ կաթվածահար քունը, մարմինս անկողնուն էր գամել։ Քամու հանկարծակի պոռթկումը բացեց պատուհանը՝ խճճելով թափանցիկ վարագույրը։ Տեսադաշտիս վերջում հազիվ նկատելի մի շարժում զգացի։ Ես մենակ չէի. ինչ-որ բան, պատերը ճանկռելով, սողում էր հատակին ու մոտենում անօգնական, անշարժ մարմնիս...

21։00

Երբ մտա ներս, Փիրումյանը, հիվանդանոցային շապիկը հագին, նստած էր մահճակալին։ Մտովի շնորհակալություն հայտնեցի, որ մարքեթինգի բաժնի վաթսունամյա գիրուկ տնօրենն ինձ մեջքով չէր նստած, քանի որ շապիկի մեջքը բաց էր, իսկ դրա տակ ոչինչ չկար։ 

— Հը՞, ծերո՛ւկ, պատրա՞ստ ես ընկղմվելու ենթագիտակցությանս մեջ, — հարցրեց Փիրումյանը, որն, ի դեպ, հինգ տարով մեծ էր ինձանից։

Մինչ անդրոիդը զգուշորեն պատում էր նրա դեմքը սենսորներով, որոնք ուղեղի ալիքները գրանցելու էին համակարգչում, մոնիտորի վրա փայլում էր «Մորֆիուս ՍՊԸ»-ի տարբերանշանը։

— Չգիտեմ ինչն է ավելի սարսափելի՝ քեզ հետ խմե՞լը, թե՞ քո երազներում հուլունք փնտրելը, — շշնջացի ես և տեղավորվեցի կողքի դատարկ մահճակալին։

«Ինչո՞ւ թողեցի, որ ինձ այս ամենի մեջ ներգրավի…, — մտածեցի ես, — չէ՞ որ կարող էի երեսուն տարվա քաշքշուկներից և հետաքննություններից հետո հանգիստ վայելել թոշակս…»:

— Իսկ չէ՞ր կարելի միանգամից ինձ քնեցնել: Ինչի՞ս է պետք քո երազներում թափառելը, — հարցեցրի ես։

— Ծերո՛ւկ, հասկանում եմ, որ դու նույնիսկ ֆայլը PDF ձևաչափով չես կարող պահպանել, դրա համար բացատրեմ քո լեզվով, — Փիրումյանն այնպես նայեց վրաս, ասես երեք տարեկան լինեի։ — Մեր կորպորացիայի առաջարկածը եզակի է՝ պատվերով երազներ, որոնք ներառում են քո իսկ ուզած արկածները քո նախընտրած մթնոլորտում։ Յուրաքանչյուր երազ մատուցվում է հաճախորդի ուղեղին իր համար առավելագույնս իրական ձևով։ Մեր երազներից հետո հաճախորդն արթնանում է ուրախ, հաղթանակած և հանգստացած։

— Գովազդն անջատիր ու պարզ բացատրիր։

— Եթե քեզ միանգամից միացնենք համակարգչին, դու չես հասկանա, որ դա երազ է։ Ծրագիրը կհարմարվի քեզ, դու արկածների կգնաս, միգուցե վիշապ սպանես կամ թռչես Մարս։ Որպեսզի հետաքննությունն արդյունք ունենա, անհրաժեշտ է, որ երազի մեջ մտնես հետնամուտքից։ Եվ ցանկալի է, որ այդ երազը քո իսկ ենթագիտակցությանը չենթարկվի, այդ դեպքում ուղեղդ այն չի ընկալի որպես քոնը, ու դու կմնաս կենտրոնացած։

— Բայց ի՞նչ օգուտ քո երազում ֆռֆռալուց: Ես ախր մյուսների մղձավանջների պատճառը պետք է գտնեմ։

— Ծրագիրը, որով դու ես մտնելու, չիթ-կոդ է պարունակում, ինչը թույլ կտա քեզ ճամփորդելու Մորֆիուսի տրամադրած բոլոր ակտիվ երազների միջև։ Տեխնիկապես, ինչպես նաև իրավաբանորեն դա արգելված է, բայց խնդիրը ցանկալի է լուծել արագ և առանց աղմուկի, քանի դեռ բողոքները չեն վերածվել դատական գործերի։ Երբ ներս մտնես, փնտրիր դռներ: Դրանք քեզ կտանեն ուրիշ երազներ, մինչև մղձավանջ կգտնես։ Բայց զգույշ եղիր. դուռը միշտ չէ, որ դռան տեսք է ունենալու։


— Հազար անգամ ավելի հեշտ կլիներ, եթե ինձ թույլ տայիք հարցաքննել դժգոհ հաճախորդներին։

— Մոռացե՞լ ես՝ դու էլ ոստիկան չես, — աչքով արեց ընկերս և դրեց վիրտուալ իրականության ակնոցը։

Համակարգիչը սկսեց ծվծվալ, և կաթետրից դեպի Փիրումյանի երակներ սլացավ մուգ կարմրավուն քնաբերը։

— Երազում ոչինչ չի կարող քեզ վնասել, քանի դեռ չես վախենում դրանից, — շշնջաց Փիրումյանն ու անջատվեց։

— Մի րոպե... Իսկ եթե վախենա՞մ…, — հարցրեցի ես, բայց Փիրումյանն արդեն խռռացնում էր։

Նախորդ օրը, երբ բարում հանդիպեցի Փիրումյանին, և միասին երեք շիշ վիսկի դատարկեցինք, հին ընկերս խոստովանեց, որ աշխատավայրում խնդիրներ ունի։ Մորֆիուսի անթիվ բաժանորդներից հորդող եկամուտները անկում էին ապրում։ Անհայտ պատճառով որոշ երազներ վերածվում էին մղձավանջների։ Հաճախորդները բողոքում էին և գնում մրցակիցների մոտ։

— Իսկ գիտե՞ս, որ պրոֆեսոր Գրիգորյանը դեռ հեռավոր 2036 թվին կանխատեսել էր դա, — ասաց Փիրումյանը։ — Երբ նա հիմնեց Մորֆիուսը, բոլորը գժվեցին։ Մանիպուլյատիվ երազների տեխնոլոգիան Հայաստանը դարձրեց երևակայական Սինգապուր, և ծերուկի նախազգուշացումներին այլևս ուշադրություն դարձնող չկար։

— Բայց ի՞նչն է պատճառը, — հարցրեցի ես։

— Ամենաակնհայտ պատճառը կոդի թերացումն է։ Բոլոր հնարավոր և անհնար թեսթավորումներից, վրիպազերծումներից և անքուն գիշերներից հետո ծրագրավորողների ողջ թիմը երդվում է, որ կոդը կատարյալ է։ Անվտանգության բաժինը սկսել է ներքին հետաքննություն լրտեսներ գտնելու նպատակով, իսկ մարքեթփլեյսում հավելվածի միջին գնահատականը 4․9-ից նվազել է մինչև 3․5-ի։ Հասկանո՞ւմ ես, գրողի տարած 3․5...

Փիրումյանի աչքերը լցվեցին, երբ խոստովանեց, որ եթե խնդիրը շուտ չլուծվի, մարդիկ կկորցնեն իրենց աշխատանքը: Եվ, ամենայն հավանականությամբ, սկսելու են իրենից։ Հետո նրա ուղեղում ծագեց հանճարեղ գաղափար. այս ամենի մեջ խառնել ինձ՝ արդեն թոշակի անցած նախկին քննիչի՜ս...

Նրան հասկացնելու բոլոր փորձերս, որ ես համակարգիչներից ու կոդից գլուխ չեմ հանում, անօգուտ էին։

— Խնդիրը ո՛չ համակարգիչներն են, ո՛չ էլ՝ կոդը, — ասաց Փիրումյանը, — խնդիրը մարդկանց ենթագիտակցությունն է։ Մորֆիուսի արհեստական բանականությունը հարմարեցվում է յուրաքանչյուր հաճախորդի ամենաթաքուն ցանկություններին։ Եթե երկու անձինք գնեն միևնույն երազը, համակարգը նրանց դա կհրամցնի տարբեր կերպով։ Մենք բոլորս տարբեր ենք։ Ես կարևորում եմ գույնը, դու՝ ձայները։ Պրոֆեսորն ասում էր, որ այդ տարբերությունները սնում են Մորֆիուսին և միգուցե մի օր նրան վտանգավոր կդարձնեն։

— Կարծում ես՝ ծրագիրը բանականությո՞ւն է ձեռք բերել և որոշել է մարդկանց վախեցնե՞լ։

— Դու ասա՝ հոգեբանի դիպլոմով քննիչը դու ես, — փնթփնթաց Փիրումյանը։ — Հը՞, համաձա՞յն ես օգնել։

Մի րոպե… Բայց ես սրան մի անգամ արդեն համաձայնվել եմ… Ամեն ինչ և՛ ծանոթ էր, և՛ տարբերվող։ Բարի պատերը նույնն էին, բայց հաճախորդների դեմքերը՝ մի տեսակ լղոզված, բարմենի հետևում շշերի վրայի տեքստը զուտ խզբզոց էր, իսկ մատուցողը… Ինչո՞ւ էր մատուցողը ընձուղտ, և ինչո՞ւ էր նրա գլխի փոխարեն կկվով ժամացույց...

Հայացքս ուղղեցի Փիրումյանին, բայց նրա աթոռը ձիու պես խրտնեց և ժպտացող ընկերոջս տարավ-մտցրեց պատի նկարի մեջ։

Ամեն ինչ պարզ էր։ Նայեցի շուրջս. միակ դուռը կանանց զուգարան էր տանում։

Դե՛, գնացի՛նք…

Լուսավոր դահլիճը լիքն էր գույնզգույն հագնված կանանցով ու զրահապատ ասպետներով։ Հյուրերը խմբով պար էին բռնել միջնադարյան մեղմ երաժշտության ներքո։ Սեղանը լիքն էր տարատեսակ, համադամ ուտեստներով, իսկ դահլիճի մյուս կողմում գահին նստած էր սև խոպոպներով և վարդագույն զգեստով աղջնակ։ Դատելով նրանից, որ բոլորը փորձում էին նվերներ հրամցնել աղջկան՝ ենթադրեցի, որ երազը նրանն էր։

Բայց այն նման չէր մղձավանջի։ Երազն արդեն ուզում էի լքել դահլիճի բազմաթիվ դռներից մեկով, երբ բաճկոնիս ծայրից քաշեցին։ Կանաչ աչքերով ինձ էր նայում հետևի թաթերին կանգնած, մեկուկես մետրանոց սև կատու...

— Հը՞, — շփոթված հարցրեցի ես։

Կատուն ինձ տվեց կարմիր փուչիկ, մլավեց, հետո իջավ չորս թաթերին ու հեռացավ։

Փուչիկի վրա գրված էր՝ առողջացի՛ր։

Հանկարծ ինչ-որ մեկը թմբուկներին զարկեց, և ձեռքիս փուչիկը պայթեց։ Երբ սթափվեցի, շուրջբոլորս կապույտ խոտով պատած դաշտ էր։ Փոքրիկ լճակի հայելու մեջ արտացոլվում էր մանուշակագույն երկինքը՝ բազմաթիվ անծանոթ աստղերով։ Սապատավոր վիթխարի կետեր էին սավառնում իմ գլխավերևում։ Դրանցից մեկին հեծնել էր հրճվանքից ճչացող տասը-տասներկու տարեկան մի տղա։ Նրանց շուրջը թափանցիկ ժանյակների պես սավառնում էին ծովամայրերը (մեդուզա), որոնք ասես ինչ-որ հրամանով անսպասելի հարձակվեցին և խայթեցին տղային։ Տղան բղավում էր՝ փորձելով ձեռքերով ծածկել գլուխը։

Կետերից մեկը բախվեց տղայի կետին, տղան կորցրեց հավասարակշռությունն ու ընկավ։ Նրա փոքրիկ մարմինը հարվածեց լճի հայելապատ մակերեսին և սուզվեց։

Վազելու փորձերս ապարդյուն էին. ասես ինչ-որ մի կետում դոփում էի։ Վերջապես մի կերպ հասա ափ և ցատկեցի ջրի մեջ։ Ես գիտեի, որ խեղդվելու վտանգ չկա, սակայն բնազդաբար շունչս պահեցի և թողեցի, որ ձգողականությունն ինձ ներքև քաշի:

Ջրի փոխարեն դեմքս հպվեց սառը սալիկին։

— Գրո՜ղը տանի..., — փնթփնթացի՝ ոտքի կանգնելով։

Նոր հանգրվանս տիեզերակայան էր՝ սառը, դատարկ, ստերիլ։ Լուսանցքից երևում էր Յուպիտերը հիշեցնող գազային մի հսկա մոլորակ, միայն թե ի տարբերություն Յուպիտերի՝ նա մի ահռելի թարթող աչք էր՝ գետեր հիշեցնող կարմիր մազանոթներով և մայրցամաքի չափերի հասնող քարքարոտ կոպով։ Աչք-մոլորակն անընդհատ աջ ու ձախ էր գնում-գալիս՝ ասես փնտրելով ինչ-որ բան։

Երկնքում ծագեց դեղին աստղ։ Մոլորակը շփոթված թարթեց մի քանի անգամ ու փակեց կոպը։

Թիկունքիցս շշուկ լսվեց։

— Ո՞վ կա այստեղ, — հարցրեցի ես պտտվելով։

Դիմացս կանգնածը ճղճղված հիվանդանոցային հագուստով, սարսափահար կին էր։

— Սա Ձե՞ր երազն է, — հարցրեցի ես։

Կինը դողացող ոսկրոտ մատը տարավ դեպի չորացած շուրթերը։

Միջանցքի մյուս ծայրից՝ մթության խորքից, կաղալով առաջ շարժվեց մարդանման մի էակ։ Կմախք հիշեցնող մարմինը պատված էր գունատ, թաղանթանման քայքայվող մաշկով, որի տակից երևում էր սև երակների սարդոստայնը։ Նրա չորս երկար ձեռքերը ծալվում էին տարօրինակ անկյան տակ: Էակը չուներ աչքեր ու քիթ, ուներ միայն կլորավուն, անատամ բերան, որից անընդհատ հոսում էր կարմիր, խեժանման նյութ...

Կինը ողջ մարմնով դողդողում էր։ Եթե հաճախորդը մահանար երազում, ապա կարթնանար։ Իսկ թե ինչ կպատահեր ինձ, պարզ չէր։

Ուղեղիս ամբողջ ուժով փորձում էի համոզել ինքս ինձ, որ էակն իրական չէ, երբ կինը նետվեց առաջ։ Հրեշը, օգտագործելով իր բոլոր վեց վերջույթները, ցատկեց ձայնի ուղղությամբ։ Մի քանի ցատկից նա կնոջ դիմացն էր արդեն, իսկ մի ակնթարթ անց էակի սուր չանչերը մխրճվեցին կնոջ վիզը։ Արյունը ռիթմային շիթով հոսեց գետնին, և կինը անէացավ։

Էակի աչքազուրկ հայացքը թեքվեց դեպի ինձ։ Նա շարժվում էր դանդաղ՝ ասես ուսումնասիրելով նոր զոհին։ Կլոր պատուհանի այն կողմից աչք-մոլորակն էր քաոսայնորեն թարթում։ Էակն ինձ արդեն պարզած ձեռքի երկարությունից էլ ավելի մոտ էր։ Բերանի անճոռնի եզրերն իրար հետ կարված էին կեռ ասեղներով։

«Սա իրական չէ, սա իրական չէ…», — կրկնում էի մտքումս, բայց սրտիս տրոփյունը բանականության ձայնից ավելի ուժեղ էր։ Եվս մեկ քայլ, և մահանալու իմ հերթն էր, երբ հանկարծ տզզոց լսվեց, և գետինը կորավ ոտքերիս տակից։

Երբ բացեցի աչքերս, կանգնած էի զվարճանքների լքված այգում։ Գունատ լիալուսնի սկավառակի տակ քայքայվող կարուսելներն իրենց ժանգոտ երգն էին երգում։ Սառը քամին սղոցում էր ոսկորներս։

Ձյան ճռճռոցը կոշիկներիս տակ դավաճանի պես մատնում էր ներկայությունս։ Հեռվում լսվեց ծանոթ տզզոց. կարծես ինչ-որ մեկը մոռացել էր զարթուցիչն անջատել...

Փոքրիկ կրպակի դիմաց, գունաթափ ատրակցիոնների ջարդված մնացորդների մեջ քնած էր ալեհեր ծերունի։ Երբ մատով դիպա նրա ուսին, նա վեր թռավ և լուռ քաշեց գետնի մեջ խրված լծակը։

Մառախուղի շղարշը վարագույրի պես հետ քաշվեց, և դիմացս հայտնվեց կարուսել։ Սակայն գույնզգույն ձիերի, մեքենաների կամ կենդանիների տեսքով սովորական նստատեղերի փոխարեն կարուսելն ուներ հիվանդանոցային ժանգոտած մահճակալներ։ Դրանց գորշ, խունացած ներքնակների վրա չորացած արյան հետքեր կային։ Կենտրոնական կայանին մետաղական սև փշալարով գամված էր պատանու մարմին։ Տզզոցը լսվում էր, երբ թափանցիկ խողովակներով նրա երակներից դեպի կարուսել արյուն էր հոսում։ Երիտասարդի մարմինը մասամբ ձուլվել էր մետաղական կառուցվածքին։

Երբ դողացող ձեռքս մեկնեցի նրա գունատ դեմքին, աչքերը թարթեց։ Անսպասելիությունից հետ-հետ գնացի և ընկա նրա ոտքերի առաջ։ Մահճակալները սկսեցին պտտվել՝ սկզբում դանդաղ, հետո՝ գնալով ավելի ու ավելի արագ, մինչև աշխարհն իմ շուրջը վերածվեց մոխրագույն խզբզոցի։ Տզզոցին փոխարինեցին կրկեսային երաժշտության՝ լարից ընկած հնչյունները։ Տղան իր սպիտակ, անբիբ աչքերը հառել էր վրաս։ Նա սկսեց խնդրել հազարավոր ձայներով.

— Օգնի՜ր ինձ…

Ես նետվեցի առաջ, բայց փշալարը ճանկռոտում էր ձեռքերս՝ հրաժարվելով թուլանալ։

— Եթե երազում մահանաս, կարթնանաս, — փորձեցի սփոփել երիտասարդին։

— Սա նրա երազը չէ, — խռպոտ ձայնով ասաց կողքս հայտնված ծերունին՝ ձեռքը դնելով ուսիս։ — Նույնիսկ տասը սրբերի արցունքները չեն արթնացնի նրան…

Օձի պես սողոսկած փշալարը փաթաթվեց վզիս և քաշեց ինձ դեպի վեր։ Մարմնիս քաշը ձգում էր ինձ ներքև, ոտքերս օդում թփրտում էին, մինչ անթիվ ասեղները քերթում էին մաշկս։ Արյան մետաղական համը լցվեց կոկորդս. ես խեղդվում էի...

«Սա իրական չէ, սա իրական չէ…»

Մեխանիկական երաժշտությունը արագանում էր մահճակալների շարժմանը զուգընթաց։ Ծերուկն այժմ կանգնած էր տղայի կողքին։ Նա ժպտաց և տղայի աչքերը կապեց ժապավենով։ Ուժեղ ցնցում, գետինը զիգզագաձև ճաք տվեց։ Եվս մեկ ցնցում… Ռիթմային տզզոցը նորից լսվեց… Փշալարը քանդվեց, և ես գահավիժեցի ճաքի մութ խորխորատը…

23։00


Վերջապես արթնացա։ 

Աչքերիս առաջ ննջասենյակիս առաստաղի ծանոթ ճաքն էր։ Խոր շունչ քաշեցի. ինչե՜ր ասես, որ չես տեսնի հարբած երազում...

Փիրումյանի հետ չափից շատ էինք խմել։ Նա փորձում էր ինձ ներքաշել հերթական արկածախնդրության մեջ, ես մերժեցի։ Նույնիսկ չեմ հիշում՝ ինչպես եմ տուն հասել և անջատվել։

Զարթուցիչիս էկրանին փայլում էր «23։00»։ Փորձեցի կողքի շրջվել, սակայն մարմինս թմրել էր, վերջույթներս հրաժարվում էին շարժվել։ Աչքերս թարթեցի, փորձեցի խոսել, բայց ծնոտներս կարծես կողպված լինեին։

Մինչ օրս քնի կաթվածի մասին գիտեի զուտ գրքերից։ Մի սարսափելի վիճակ, երբ գիտակցությունդ լիովին արթուն է, սակայն մարմինդ դեռ անշարժ գամված է անկողնուն։ Ողնաշարովս սարսուռ անցավ։ 

Ես մենակ չէի. ինչ-որ բան, պատերը ճանկռելով, սողում էր հատակին ու մոտենում անօգնական, անշարժ մարմնիս...

Նա հատակին էր...

Անտեսանելի շնաձկան պես պտույտներ էր անում մահճակալի շուրջ։ Լարվեցի: Շնչելը վերածվել էր տանջանքի. ասես մեկը քարերի կույտ էր լցրել վրաս... Սառը քրտինք զգացի ճակատիս... Ինչ-որ սև բան նստած էր կրծքավանդակիս...

Էակը ճշգրիտ ուրվագիծ չուներ, շարժվում էր խամաճիկի պես՝ ցնցումներով... Ածուխի պես բոցկլտացող աչքերից ծուխ էր ելնում, իսկ մազոտ վերջույթները ինձ գամել էին անկողնուն...

— Մարմինը փտում է, իսկ հոգին կարելի է տանջել անվերջ, — շշնջաց խռպոտ ձայնով էակը։ Նրա չարամիտ ժպիտը մերկացրեց երկար, ածելու նման սուր ատամները...

Ուղեղս այլևս չէր հասկանում, թե ինչն է երազ, ինչը՝ իրական։ Եթե սա իրականություն էր, մահանալու իրական վտանգ կար։ Իսկ եթե ոչ... Ի՞նչ կլիներ, եթե մահանայի ուրիշի երազում։ Իմ մարմինը կդադարեր գոյություն ունենալուց, մինչ բանականությունս անիծված կլիներ՝ անվերջ քավարանում ցատկել մի մղձավանջից մյուսը, քանի դեռ կար Մորֆիուսը։

Էակը բացեց գարշահոտ բերանը, և անբնական երկար լեզուն փաթաթվեց վզիս՝ վայրկյան առ վայրկյան ուժեղացնելով ճնշումը։

Չնայած գոռալու, պաշտպանվելու անսպառ ցանկությանս՝ անկարող էի նույնիսկ մատս շարժել։ Ատամներս կրճտացին... Ամեն հաջորդ շունչս նախորդից թույլ էր։ Զգում էի՝ ինչպես են թոքերս այրվում օդի պակասից։ Բայց նույնիսկ մահվան սպառնալիքից անտանելին վախն էր, որ ընդմիշտ կմնամ Մորֆիուսի ճիրաններում՝ իմ անձնական, հավերժական, դժոխային սերվերում։ Լողում էի դեպի անդունդը, երբ ականջիս ծայրով լսեցի անդրոիդի մետաղական ձայնը.

— Ճնշումը՝ 180/110, սրտի աշխատանքը՝ 156: Բայց արագանում է։

Առաստաղի ճաքից երևաց Փիրումյանի անհանգստացած դեմքը.

— Ծերո՛ւկ, եթե այսպես շարունակես, ստիպված կլինենք քեզ տանել «Տասը սրբեր»։

Թթվածնային քաղցի մեջ թփրտացող ուղեղս մի պահ սառեց: «Տասը սրբեր»-ը հիվանդանոց էր՝ Մորֆիուսի գրասենյակից երկու փողոց հարավ։

Տարիներ առաջ դուստրս կոտրել էր ձեռքը, և մինչ սպասում էինք հերթապահ բժշկին, մանկական բաժանմունքի պատերի պայծառ նկարներով ուզում էի Արիանային ցավից շեղել. փուչիկներով կատուներ, պարահանդես, կարուսելներ, թռչող կետեր… Դե իհարկե՜...

Ինչքան էլ Մորֆիուսը փորձում էր ինձ հասկացնել, միայն սեփական վախը կարողացավ բացել աչքերս։

— Սա իրական չէ,— շշնջացի ես՝ հասկանալով, որ ամենևին էլ չեմ խեղդվում։

Դևը ժպտաց և անէացավ։ Աչքերս բացեցի ծանոթ տզզոցից։

— Մեզ վախեցրի՜ր, ծերո՛ւկ... Լա՞վ ես։

Փիրումյանը սենյակի պատերից էլ գունատ էր։ Սրտիս աշխատանքի տզզոցը թեթևանում էր։ Միայն թե մղձավանջներիս մեջ լսածս տզզոցը ամենևին իմ սրտի բաբախյունները չէր չափում։

— Իսկ ի՞նչ կլինի, եթե մարդը չափազանց երկար մնա Մորֆիուսում, — հարցրեցի ես։

Փիրումյանը շփոթված նայեց ինձ, ապա անդրոիդին։

— Մորֆիուսում ամենաերկար երազը տևել է քսան ժամ։

— Իսկ եթե հաճախորդը չկարողանա արթնանալ..., — պնդեցի ես։

— Հավաստի ուսումնասիրություններ չկան, սակայն ենթադրվում է, որ Մորֆիուսի երկար ազդեցությունը կարող է բացասաբար ազդել ուղեղի նեյրոնային կապերի վրա, — ասաց անդրոիդը։

Փիրումյանը նայում էր ինձ սպասողական հայացքով։ Ավա՜ղ, այս առեղծվածի բացահայտումը ոչ մի բավականություն չպատճառեց ինձ։

Ես հոգոց հանեցի և ասացի.

— «Տասը սրբեր»-ի մանկական վերակենդանացման բաժնում մի տղա կոմայի մեջ է։ Հայրը նրան ձեր ծրագրին է միացրել։ Մորֆիուսում օրեր կամ նույնիսկ շաբաթներ անցկացնելը տղայի մղձավանջների պատճառն է դարձել. նրա բանականությունը սկսել է ձուլվել Մորֆիուսին։ Ձեր հանցագործը երազների աշխարհում բանտարկված մարդկային ենթագիտակցությունն է...


66 views0 comments

Comments


bottom of page