top of page
Search
Writer's picturefrunz8

#Աստղային_հորիզոն «Անցյալի ստվերներ», Հեղինակ՝ Դավիթ Գաբրիելյան

 



Կարինի երկինքը հետաքրքիր փայլ ունի։ M դասի կարմիր հսկայից արձակվող թույլ ճառագայթները ցերեկային երկինքը լցնում են զմրուխտի փայլով՝ նման Երկրի հյուսիսափայլին, իսկ գիշերների թանձրությունը լուսավորվում է միայն հաճախ պատահող կայծակնափայլ ամպրոպներից։ 

 Միջաստղային ճանապարհների «խուլ հատվածում» գտնվող այս մոլորակը այցելուներ գրեթե չի ունենում․ Կարապի թևից Պերսևս տիեզերական անցումներ հազվադեպ են լինում գալակտիկայի խավար գոտու պատճառով։ Հենց այդ անցումներն իրականացնող աստղագնացների համար էլ Կարինի վրա տեղակայված միակ՝ «Կամուրջ-1» կայանը ծառայում է որպես միջանկյալ կայան։ Այն տեղակայված է մոլորակին բնորոշ ձայնային փոթորիկներից հեռու հատվածում՝ հյուսիսային կիսագնդի փոքրիկ «օազիսում»։  Ձայնային փոթորիկները իսկական անոմալիա են, որոնց պատճառն ու մարդկանց վրա ունեցած ազդեցությունը դեռևս բավականաչափ ուսումնասիրված  ու հստակեցված չեն։ Դրանք ուժեղ քամիներ են, որոնք ռեզոնանս են առաջացնում և ստեղծում խլացուցիչ ձայնային ֆոն։ Մարդիկ, որոնք ողջ են մնացել ձայնային փոթորիկների խորքում հետազոտություններ անցկացնելուց հետո, պնդում են ձայների երաժշտական լինելու փաստը, իսկ ոմանք ասում են, թե փոթորիկը ծանոթ ձայնով խոսում էր իրենց հետ։ Հետազոտությանթ (վով երեք) ձախողված փորձերից հետո գիտարշավախմբի մասնակիցները ճանաչվեցին անմեղսունակ, իսկ գիտարշավները դադարեցվեցին։ 

 Արդեն 80 երկրային տարի կայանը սպասարկում է «ԿոսմոԼան» կորպորացիայի (որը նաև տեղորոշել և կառուցել է այն) միջմոլորակային կապի բաժինը։ 

-Ահավոր է,- երկար լռությունից հետո բացականչեց Բրիտյոֆը, որը համեմատաբար նոր էր ծառայության անցել «Կամուրջ-1»-ում։

Հերթափոխի երկրորդ հերթապահը՝ Աշխենը, վաղուց հարմարվել է այդ միապաղաղ լռությանն ու ձայնային փոթորիկների  հեռվից լսվող խուլ բզզոցին։ Նա հազիվ զսպելով ժպիտը՝ նայեց Բրիտյոֆին և ասաց․

-Ախր դու գիտեիր, թե որտեղ ես գալիս։

Բրիտյոֆը դուրս նայեց հսկա պատուհանից։ Նա ինժեներ է, ով սովոր է աշխատել տիեզերական լռության պայմաններում, սակայն Կարինի ձայնային փոթորիկները նրա մեջ առաջացնում են անսովոր վախի զգացում․ ասես ինչ-որ մեկը մոտեցող վտանգի մասին է զգուշացնում։ 

-Դու լսե՞լ ես ինչ են ասում,- հեռավոր հորիզոնից հայացքը չկտրելով՝ հարցրեց Բրիտյոֆը։ 

Աշխենը հայացքը կտրեց մոնիտորից և հիացմունքով նայեց հեռվում կայծկլտացող հորիզոնին․

-Լսել եմ։ Կարծում եմ՝ սուտ չէ։ Փոթորիկներն ինչ-որ կերպ ռեզոնանսի մեջ են մտնում մեզ հետ՝ ազդելով հուշերի և էմոցիաների վրա։ Այս ամենը վստահորեն կապված է նաև Կարինի անցյալի հետ։ 

Նրան միշտ մտատանջել են Կարինի գաղտնիքները, և, արկածախնդրությունից դրդված,  նա տեղափոխվել է այստեղ ծառայության։ 

Բրիտյոֆի մտքերը մոլորվեցին։ Նա լսել է այն մասին, թե ինչպես են փոթորիկները ստիպում մարդկանց լսել ձայներ անցյալից․ դրանք հաճախ ծանոթ մեղեդու են նմանվում, որոնք կարծես վաղուց ջնջվել են մարդու հիշողությունից։ Այս ամենը Բրիտյոֆին տարօրինակ և ահասարսուռ է թվում։ «Կամուրջ-1»-ի վրա մի քանի շաբաթ անցկացնելուց հետո նրա մեջ արթնացավ հուշերի հսկայական տարափ։ Դրանք հուշեր էին, որոնց սեփական լինելը Բրիտյոֆը կասկածի տակ է դնում։

-Երբևէ երաժշտություն լսե՞լ ես,- ցածրաձայն հարցրեց Բրիտյոֆը։

Աշխենը լուրջ հայացքով գլխով արեց․

-Այո, նրանք երգում են ինձ համար երգեր, որոնք ես չգիտեմ, բայց կապ եմ զգում դրանց հետ։ Դրանք ուղղակի քամիներ չեն։ Մոլորակը մեզ ինչ-որ բան է փորձում հասկացնել։

Տեղորոշիչ սարքերը սկսեցին բարձր խշշալ։ Էլեկտրամագնիսական սենսորները սկսեցին ֆիքսել դաշտի փոփոխությունները։ Բրիտյոֆն ամբողջ մարմնով սառնություն զգաց։ Եվս մեկ մոլեգնող փոթորիկ․ ևս մեկ հնարավորություն լսելու Կարինի խորհրդավոր աղմուկը։

 Այն սովորականից ավելի ուժեղ էր։ Կառուցումից ի վեր ոչ մի վայրէջք չընդունած կայանի հերթապահները, անուշադրության մատնելով շարքից հերթականությամբ դուրս եկող սարքավորումները, հետևում էին մոտեցող միրաժային հորիզոնին։ Աշխենը լցվեց վճռականությամբ․

-Միգուցե այս անգամ ավելի՞ն իմանանք։ 

Աշխենի աչքերը բառերից ավելին էին ասում։ Րոպեական լռությունից հետո նա հայացքը թեքեց դեպի դուռը․ փոթորիկն ամբողջությամբ զգալու համար նրանք պետք է լքեին պաշտպանիչ կոմպլեքսը։ Նրանք գիտակցում էին վտանգի չափը․ Կարինի փոթորիկներն անկանխատեսելի են և կարող են կլանել ու անհայտության մատնել ամեն ինչ։ 

-Իսկ եթե սպասե՞նք,- դողացող ձայնով ասաց Բրիտյոֆը։

Աշխենը զգաց նրա կասկածամտությունն ու վախը և նույնիսկ չփորձեց համոզել։ Նա արագ հագավ պաշտպանիչ համազգեստն ու Բրիտյոֆից ոչինչ չակնկալելով՝ դուրս եկավ միջանցք։ Բրիտյոֆի հայացքը մնաց սենսորների վահանակի և հեռացող Աշխենի մեջտեղում։ Նա անշարժ կանգնեց մի քանի րոպե և զգաց փոթորիկի աղմուկը ամբողջ տարածության մեջ։ Բրիտյոֆը մոտեցավ պատուհանին և տեսավ, թե ինչպես է Աշխենը դուրս գալիս գլխավոր դռնով։ Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ թվում էր, թե այն ներս կշպրտի Աշխենին։ Բայց նա հաստատուն քայլերով շարունակեց մոտենալ փոթորկոտ հորիզոնին։ Նրա ուրվագիծը կորավ մշուշի մեջ, ասես հենց ինքը՝ մոլորակը, կուլ տվեց նրան։ Միայնակ մնալով՝ Բրիտյոֆը նորից հայացքն ուղղեց վահանակին․ սենսորների տվյալները վեր էին թույլատրելի սահմանից։ Նա փորձեց կենտրոնանալ իր հիմնական պարտականության վրա, սակայն Աշխենի մասին միտքը հանգիստ չէր տալիս։ Աղմուկը հետզհետե ուժեղանում և ներխուժում էր հերթապահության սենյակ։ Այն ասես փորձում էր կոտրել Բրիտյոֆի ներքին դիմադրությունն ու դուրս հանել նրան սենյակից։ Բայց նա մնաց ու շարունակեց հետևել սենսորներին և մերթընդմերթ դուրս նայել պատուհանից՝ ներքին ցանկություն ունենալով նորից տեսնել Աշխենին։ Փոթորկի կենդանի էության մասին միտքը Բրիտյոֆին հանգիստ չէր տալիս։


Հանկարծ աղմուկը խլացավ, և Բրիտյոֆը մթնոլորտի մեջ փոփոխություն զգաց․ այն ավելի խտացավ, և այդ խտության մեջ աղմուկը վերափոխվեց հաստատուն ձայնի։ Այդ ձայնը նրա մեջ արթնացրեց տարօրինակ կերպարներ, որոնք կարծես անցյալից ստվերներ լինեն։ Նա լեռներ տեսավ մայրամուտի շողի մեջ, կիսաքանդ շինություններ և անծայր ծովից արնոտ սրերով ափ իջնող մարդկանց, որոնց չէր ճանաչում, բայց ծանոթ էին թվում։ Դա ուղղակի տեսիլք չէր․ այդ ամենի հետ Բրիտյոֆը սերտ կապ էր զգում։ Նրա սիրտն ավելի հաճախացավ։ Նա գիտեր, որ պետք է մնա վահանակի մոտ, բայց անհայտությունը դուրս էր քաշում։

Բրիտյոֆը մոտեցավ կապի վահանակին և փորձեց կապ հաստատել ղեկավար կենտրոնի հետ․

-Խոսում է «Կամուրջ-1»-ը, Կենտրոն, Կենտրոն, ինչպե՞ս ես ընդունում։

Պատասխան չհետևեց։ Ձայնարկիչներից վայրկյանների միջակայքով լսվում էին միայն անհասկանալի արտահայտություններ, և Բրիտյոֆին թվաց, թե փոթորիկն է լցրել եթերը դրանցով։ Սենյակում մնալն այլևս անիմաստ էր․ դրսում տեղի ունեցողը շատ ավելի կարևոր էր։ Բրիտյոֆը հագավ համազգեստը՝ զգալով, որ քայլը քայլի հետևից ավելի դժվար է տրվում․ կարծես կայանն ինքը փորձում էր հետ պահել նրան։ Նա մոտեցավ դռանն ու մի պահ կանգ առավ։ Դուռը բացվեց և նրան դիմավորեց սառը քամին։ Մոլորակի մակերևույթը դղրդում էր, երկինքը՝ լուսավորվում չդադարող կայծակից։ Հանկարծ Բրիտյոֆի ուշադրությունը սևեռվեց հեռուն․ հորիզոնի այն հատվածից, որտեղ անհետացավ Աշխենը լույսի ճառագայթ արձակվեց և անհետացավ նույն վայրկյանին։

Աշխենը փոթորկի էպիկենտրոնում էր, որը բոլոր կողմերից շրջապատեց Աշխենին, ասես փորձում էր պարուրել ու պաշտպանել նրան, այլ ոչ վնասել։ Մի պահ անդորրն ու լռությունը պատեցին նրան։ Շուրջ բոլորը վայրկյանական լուսավորվեց և, կարծես, ջահեր վառվեցին՝ նման պատկերացումներում ապրող տաճարների ջահերին, որոնց մասին նա միայն լսել է՝ հաճախ ինքն իրեն հարցնելով՝ արդյո՞ք Երկիր մոլորակի վաղեմի անցյալում ապրած իր նախնիների մասին պատմությունները ճիշտ են: Հայրը նրան պատմում էր բաժանված մոլորակի մասին․ այն բաժանված էր մարդկանց խմբերի միջև, որոնք միմյանցից բավական տարբեր էին, պատերազմում էին տարբերությունների հողի վրա։ Մասնատված մարդկության մի մաս կազմող ժողովրդի ժառանգորդ են իրենք․ իր հոր խոսքով՝ ամենափոքր ժողովուրդներից մեկը, որին Արմեն էին կոչում, և որն ուներ բազում թշնամիներ և անդադար պատերազմների թատերաբեմ էր։ Աշխենը լսել էր այդ ժողովրդի ունեցած անսահման հավատի ու ապրելու ձգտման մասին։ Այս ամենի մասին Գալակտիկական ակադեմիայում ուսանելու տարիներին նա ոչինչ չի լսել։ Ինչ-որ պահի այդ պատմությունները սկսեցին հեքիաթային թվալ, որի դաժան դրվագները մարդկանց պետք է հետ պահեն միմյանց հանդեպ թշնամական նկրտումներից։ Հիմա այդ ամենը նոր ուժով է արթնանում նրա գիտակցության մեջ։ Տեսիլքներն ու ձայները գնալով ավելի իրական ու տրամաբանական են դառնում։  Անգույն ու մամռոտած պատերը, հուժկու քամուն դիմադրող ճրագն ու այդքան ծանոթ մեղեդային ձայնն անհասկանալի կերպով ստիպում են Աշխենին տառապել։ Անծայր անապատում դեգերող ստվերներն օգնության էին կանչում։ Մի ամբողջ ժողովրդի զրկանքներով լի դարավոր պատմությունն անցավ անկնթարթի մեջ։  Ոչինչ երբեք այդքան իրական չի թվացել։

Թիկունքում թողնելով կայանը՝ Բրիտյոֆը շարժվեց լույսի սյան ուղղությամբ։ Քայլը քայլի հետևից ավելի դժվար էր տրվում։ Փոթորիկը, որը կայանի պատերի ներսում հեռավոր ու խուլ էր թվում, թափ հավաքեց։ Քամին փոշի էր բարձրացնում և փակում տեսադաշտը, բայց Բրիտյոֆը շարունակեց առաջ շարժվել ծանր քայլերով։ Յուրաքանչյուր քայլ ուղեկցվում էր օտար ձայների արձագանքով․ տեղի ունեցողն ավելի անիրական դարձավ։ Տեսիլքները սկսեցին տանջել նաև Բրիտյոֆին։ Սկզբում դրանք վայրկյանական էին․ սպիտակածածկ լեռներ, փրփրաբերան ծովը մխրճվող ուղղահայաց ժայռեր, հսկա խարույկ, որի շուրջը հավաքվածներն անհասկանալի բառեր էին մրմնջում։ Նա ամուր կապ զգաց այդ ամենի հետ։ Որքան մոտենում էր հեռվում երևացող լույսին, այնքան ինտենսիվ էին դառնում տեսիլքները։ Կերպարներն ավելի պայծառ դարձան և պայքարի մեջ մտան իրականության հետ։ Բրիտյոֆի գիտակցությունը մթագնեց։ Նա ևս մի քայլ կատարեց, և մոլորակի մակերևույթը սահեց ոտքի տակ․ նա ծնկի իջավ՝ զգալով գիտակցության կորուստը։

Աշխենն անշարժ փռված էր։ Նրա շնչառությունը ծանրացավ։ Նա չհասցրեց ոչինչ հասկանալ։ Միայն վերջին պահին միացրեց կենսաբանական տվյալները մշակող սարքը, որը պետք է օրգանիզմի՝ կրիտիկական վիճակի հասնելուն պես կապ հաստատի ղեկավար կենտրոնի հետ։ Նույնիսկ հիմա Աշխենի միտքը տանջվում էր բացահայտման ծարավից։ Սարքը գրանցեց սրտի դանդաղող բաբախյունը։ Շնչառության վերջին ակորդները նա ցանկացավ օգտագործել տեսածն ու իմացածը ձայնագրելու համար։ Մի քանի բառ հազիվ արտաբերելուց հետո Աշխենն անշնչացավ։ 

Ղեկավար կետի հսկիչ սենյակում լռություն էր տիրում, որ խախտվում էր միայն սարքավորումների խշշոցից։ Հոլոգրամի վահանակի ընդունիչը բարձր ծնգաց։ Սենյակ ներս մտնելուն պես գլխավոր դիսպետչեր Վոյցեխովսկին անմիջապես տագնապ բարձրացրեց։ Հոլոգրամը ցույց էր տալիս Աշխենի կենսաբանական տվյալներն ու տեղակայությունը։   

Սպասեցին մինչև փոթորկի ավարտը։ Մի քանի ժամ հետո կազմ-պատրաստ որոնողական խումբը դուրս եկավ «Կենտրոն»-ից։ «Կամուրջ 1»-ը դատարկ գտնելով՝ խումբը շարժվեց ընդունիչների ստացած կոորդինատների ուղղությամբ։ 

Մինչև նպատակակետին հասնելը՝ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա լույսի աղբյուր նկատվեց։ Բրիտյոֆի համազգեստի լապտերն էր։ Նա անշարժ փռված էր։ Շնչառությունը թույլ էր, իսկ դեմքը գունատվել էր:

-Ո՜ղջ է,- բացականչեց բժիշկներից մեկն ու ակտիվացրեց կյանքի ապահովման սարքերը սրտի աշխատանքը կայունացնելու համար ։

-Նա կրիտիկական վիճակում է, շուտ հասցրե՛ք բնակելի կոմպլեքս,- գոչեց հրամանատարը։

-Նրանք․․․ Գալիս են․․․ Երկար, կոտոշավոր նավեր․․․,- հանկարծ մրմնջաց Բրիտյոֆը, - Այրվում է․․․ Մխրճվում ենք ժայռերին։

-Հաստատ տեսիլքներից է, - ասաց բժիշկը,- ես ստուգում եմ նյարդային համակարգը․ նա չի տեսնում շուրջը տեղի ունեցողը։ Հավանաբար երկար է այս վիճակում եղել։

Խմբի մի մասը շարունակեց որոնումը։ Նրանք գտան Աշխենի անշունչ մարմինը։ Նա ամբողջությամբ գունատվել էր։ Ձեռքերը ծալված էին կրծքին այնպես, ասես այդպիսով նա ինչ-որ բան էր փորձում փրկել։ Ընդունիչն էր, որով նա այդպես էլ չհասցրեց կապ  հաստատել։ Դին տեղափոխեցին ղեկավար կետ։ 

Գլխավոր սենյակում բոլորը լուռ էին։ Ներս մտավ Ահարոն Բերգմանը, ինժեներներից մեկը, ով ստուգում էր Աշխենի համազգեստն ու սարքավորումները։

-Սա տեսնել է պետք,- ասաց նա՝ ձեռքում պահլով մետաղյա փոքր սկավառակ։

-Ի՞նչ է դա,- հարցրեց Վոյցեխովսկին։

Բերգման սկավառակը միացրեց գլխավոր վահանակին․

-Նյարդային ամենափոքր ակտիվությունն անգամ գրանցող սարք է։ Այն չի մտնում համազգեստի ստանդարտ կոմպլեկտի մեջ։ 

Հոլոգրամիկ էկրանը միացավ։ Էկրանի մի անկյունում պտտվող Կարին մոլորակն էր։ Սկսվեց մի տեսաշարք, որը պատկերում էր փոքր կլորավուն շինություններ, իսկ դրանց շուրջն ինչ-որ իրարանցում էր։ Էկրանի մյուս անկյունում անհասկանալի սիմվոլներ էին, նման սեպագրերի։ Իրարանցման մասնակիցները մարդանման էին։ Այդ ամենը երևում էր, ասես Աշխենն իր աչքով տեսներ։ Մարդանման արարածներից մեկը մոտեցավ Աշխենին ու սկսեց ինչ-որ բան բացատրել, իսկ էկրանի աջ անկյունի «սեպագրեր»-ն անընդհատ հայտնվում և անհետանում էին։ Տեսարանը շարունակվեց մինչև Աշխենի կենսական ակտիվության ավարտը։ 

Մոլորակի գաղտնիքները բացահայտելու համար նոր հետազոտական գործ բացվեց։ Բազում գիտարշավների ընթացքում կրկնեցին Աշխենի փորձը՝ պաշտպանիչ համազգեստին միացնելով նյարդային սկավառակը։ Բազում վարկածներ առաջ քաշվեցին, որոնցից ընդունելի դարձավ միայն մեկը։ Մոլորակի վրա եղել է քաղաքակրթություն կամ, համենայն դեպս, որոշ առումներով բանական կյանք։ Ձայնային փոթորիկների առաջացրած դաշտը կրում էր հստակ ինֆորմացիա, որը ուղիղ ձևով չէր ընկալվում մարդու նյարդային համակարգի կողմից։ Սկավառակը, որ միացրել էր Աշխենը, կարողացավ ընկալել և վերարտադրել այդ ինֆորմացիան։ Ըստ ընդունված վարկածի՝ մոլորակի վրա տեղի է ունեցել աղետ, որի հետևանքով վերացել է կենսականությունը, իսկ փոթորիկները փորձում են տեղեկություն հասցնել այդտեղ ապրած արարածների մասին։ Դրանց ազդեցության տակ մարդու մեջ արթնանում է հիշողությունների տարափ։ Փորձելով արթնացնել Կարինի քաղաքակրթության հիշողությունը՝ փոթորիկները մարդկանց տալիս են հիշողություն, որը պատկանում է հենց մարդկային ցեղի անցյալին։ Հենց այս պատճառով էլ Աշխենը տեսավ կենաց համար պայքարող, գրապաշտ ու սերունդների կանչով ապրող ժողովրդի պատմության փոքր դրվագներ, իսկ Բրիտյոֆը՝ արյան ծարավ, ռազմատենչ նավաստիների։ Շատ հետազոտողներ կարծում են, որ տեսիլքների բովանդակությունն ուղիղ կապ ունի մահացության հետ․ այն է՝ կան գերծանրաբեռնված ապրումներ ու դաժան ճակատագրեր, որոնց հետ ունեցած կապը շատ ավելի ծանր դրության մեջ է դնում փոթորիկների այցելուներին, որոնցից մեկն էլ Աշխենն էր։ Փոթորիկների ծագման մասին հարցը մինչև օրս անպատասխան է։

 Այս վարկածն առաջ քաշելուց հետո մարդիկ սկսեցին հետաքրքրվել իրենց անցյալով ու նախնիներով, իսկ ոմանք այդ նպատակով նույնիսկ վտանգավոր ճամփորդության էին գալիս Կարին։ Մոլորակը նոր կյանքով լցվեց։


104 views0 comments

Comments


bottom of page